Հանրապետության նորահայտ հուշարձանների ցանկում վերջերս ավելացվեց Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի վիմափոր եկեղեցին։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն առաջինն է կարողացել այցելել դժվարամատչելի վայրում գտնվող հուշարձան և նկարահանել այն։
Դարեր շարունակ հայ ժողովուրդն աղոթատեղիներ է կառուցել նաև խիստ դժվարամատչելի վայրերում։ Դրանցից մեկը Վայոց Ձորի մարզի Ռինդ գյուղի լեռներում թաքնված վիմափոր եկեղեցին է։ Այն գտնելու համար կա՛մ պետք է տեղանքին քաջածանոթ լինել, կա՛մ ուղեկցողի հետ ճամփա ընկնել։ Եթե որոշել եք հասնել այս վիմափոր հրաշքին, ապա հագեք հարմար կոշիկներ, վերցրեք ջուր և հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ եղեք երկար, տեղ-տեղ էլ դժվար ու վտանգավոր ճանապարհ անցնելու։
Ռինդի նորահայտ հուշարձան տանող ճանապարհը
2 կմ երկարությամբ ճանապարհը նեղ արահետներով հաղթահարելու համար 40 րոպեից մոտ 1 ժամ է պահանջվում։ Ինչպե՞ս են լեռների մեջ այս վիմափոր հրաշքը գտել․ տարածքի հուշարձանների պահապան Ժորա Ներսիսյանն ասում է՝ տեղացիներն այս վայրը միշտ են իմացել, հաճախ ուխտի են նաև բարձրացել, մաքրել տարածքը, հոգ տարել նախնիների կերտածի մասին։ Վիմափոր եկեղեցուց մի քիչ ներքև խաչքարեր ու տապանաքարեր կան։
«Այս լեռներում շատ քարանձավներ կան, մարդիկ թշնամիներից պաշտպանվելու համար հաճախ են քարայրերում թաքնվել։ Վերևներում ջուր կա, ընկուզենիներ կան։ Երևի այդ ժամանակ էլ նաև այս եկեղեցին են փորել ժայռի մեջ»,- ասում է Ներսիսյանը։
Վայրի մասին շատ քիչ տեղեկություններ կան․ մի դեպքում վիմափոր եկեղեցին վերագրվում է 13-14-րդ դարերին, մյուս դեպքում, ասում են, շատ ավելի հին է ու վաղ միջնադարում է կերտվել Քարակատար կոչվող լեռներում։ Կա կարծիք, որ առաստաղին նաև որմնանկարներ են եղել։ Կառույցի հատակագիծը կլոր է․ տրամագիծը մոտ 8 մետր է, բարձրությունը՝ 10 մետր։ Եկեղեցին երկու՝ մեծ ու փոքր սրահներ ունի։ Մեծ սրահի դռան վերևում փոքրիկ լուսամուտներ կան։ Ասում են` հնարավոր է` հենց այդ պատուհաններից էլ սկսել են փորել ժայռը։ Երևում է խորանը, պատերի մեջ նաև պահոց-խորշեր կան։ Առաստաղը շատ գեղեցիկ է՝ կերտված կամարներով ու քիվերով։
Ինչպես ու ինչքան ժամանակում են կարողացել առանց տեխնիկայի, միայն գործիքների օգնությամբ ժայռի մեջ նման հրաշք կերտել․․․ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու համար ուսումնասիրություններ պիտի կատարվեն։ Վստահաբար, դրանց արդյունքում հետաքրքիր բացահայտումներ են արվելու։
Ռինդի նորահայտ հուշարձանը
0Comments