Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Մանրամասներ
իրան

Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերթական անգամ մերժել Է Իրանի նկատմամբ արտաքին սպառնալիքներն ու ճնշումները՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունն այլ երկրների հետ փոխգործակցելու է փոխադարձության հիման վրա և հավասարության դիրքերից:

Ինչպես հաղորդում է  IRNA-ն, Փեզեշքիանն այդ հայտարարությունն արել է ապրիլի 5-ին Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի և նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ:

Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության մեջ:

«Իսլամական Հանրապետությունը ցանկանում է հավասար երկխոսություն, չի կարող լինել, որ նրանք ցանկանում են բանակցել Իրանի հետ, մի կողմից, և սպառնալ նրան, մյուս կողմից», – ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով Միացյալ Նահանգներին և նրա՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը:

«Եթե ցանկանում եք բանակցություններ, ի՞նչ իմաստ ունի սպառնալը»,- ասել է Իրանի նախագահը Վաշինգտոնի հասցեին: «Այսօր Ամերիկան ստորացնում է ոչ միայն Իրանին, այլև մնացած աշխարհին, քանի որ նրա պահվածքը հակասում է բանակցությունների կոչին»:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Փեզեշքիանը բազմիցս հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների՝ հավասարության պայմաններով: