Երբեք «մենիքյուր» և «փեդիքյուր» չեմ արել. Տիգրան Ավինյանը` ԱՄՆ–ի թանկարժեք տոմսի մասին

Մանրամասներ
քպ

Պեդրո Զարոկյանը հետաքրքրվեց` ինչպես է Ավինյանը իր գրպանից տվել ԱՄՆ–ի տոմսի գումարը, երբ նրա տարեկան աշխատավարձը 30-32 հազար դոլար է։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հորդորում է ստուգել իր լրացրած բոլոր հայտարարագրերը, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է փոխհատուցել ԱՄՆ կատարած այցի ավիատոմսի գումարը։

2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Ավինյանի` Լոս Անջելես մեկնելու տոմսն արժեցել է 7 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 20 000 ԱՄՆ դոլար։ Ավինյանը Մարությանին մեղադրեց շոու անելու մեջ, բայց դեկտեմբերի 23-ին հայտարարեց, որ ապշել է տոմսի գնից ու որոշել ամբողջությամբ փոխհատուցել ծախսը։ 2025 թվականի հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ քաղաքապետն արդեն փոխհատուցել է ամերիկյան գործուղման ավիատոմսի գումարը։

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ավագանու այսօրվա նիստի ժամանակ հետաքրքրվեց` ինչպես է Ավինյանը իր գրպանից տվել ԱՄՆ ուղևորության տոմսի փողը, երբ նրա տարեկան աշխատավարձը 30-32 հազար դոլար է։

«Աղմուկ բարձրացավ, որ բիզնես դասի տոմսերն իրականում արժեն 4000-5000 դոլար, բայց վճարվել է 20 000 դոլար։ Աղմուկը զսպելու համար, դուք ասացիք, որ վերադարձրել եք գումարը։ Այստեղ կարող է 2 տարբերակ լինել` առաջինը` դուք բիզնես դասով եք մեկնել, ու վճարվել է 5000 դոլար, մեկ անձ էլ 15 000 դոլար «ատկատ է» ստացել, երկրորդ տարբերակն էլ` առաջին դասով եք մեկնել, որտեղ գնի մեջ մտնում է խավիար, մահճակալ, manicure, pedicure են անում, չգիտեմ, դուք ավելի լավ կիմանաք»,– նշեց Զարոկյանը։

Տիգրան Ավինյանը պատասխանեց, որ կարող են վերցնել 2017 թվականից լրացված իր հայտարարագրերը և բոլոր հարցերի պատասխանները կստանան։

«Անկեղծ ասած, ինձ երբևէ «մենիքյուր» և «փեդիքյուր» չեն արել ո՛չ ինքնաթիռում, ո՛չ էլ առհասարակ։ Ես այդ գումարը վճարել եմ ոչ թե նրա համար, որ տոմսի գինն էր բարձր, այլ ուղղակի եթե մեր աշխատողները մի փոքր լավ աշխատեին, այդ տոմսի գինն այդքան չէր լինի»,– ասաց Ավինյանը` չկարողանալով զսպել ծիծաղը։

Նա հիշեցրեց` տոմսի գինը պայմանավորված է եղել ժամկետով, քանի որ թռիչքից մոտ 2 օր առաջ է գնվել։