Երևանի Անաստաս Միկոյան փողոցի 64–րդ շենքի բնակիչները վաղ առավոտից փակել էին փողոցը, քանի որ պահանջներ ունեն սնանկ ճանաչված կառուցապատողից, սակայն մոտ 40 րոպե անց փողոցը կրկին բացեցին։
Բնակիչները բողոքում են, որ արդեն մի քանի տարի է` բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։ Այժմ մեծ խնդրի առաջ են կանգնած հատկապես այն բնակիչները, որոնք կանխիկ վճարել են հենց կառուցապատողին ու չեն կարողանում ապացուցել այդ փաստը։
Միկոյան 64 հասցեի կառուցապատողից տուժածների շարքում է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Ինձ զանգել էին, ասում, թե երեքշաբթի օրը պետք է գնամ փոխանցման ակտը ստորագրելու, խնդրեցի, որ ուղարկեն ինձ այն, որպեսզի ծանոթանամ։ Դե սաղիս մոտ հիմա կա այդ թուղթը։ Տեսել եմ, որ հիմար պայմաններ են գրված ու իրենց ասել եմ, որպեսզի կառուցապատողին կամ սեփականատիրոջը փոխանցեն, որ ոչ միայն ես չեմ ստորագրելու, այլև ներկա բնակիչներից որևէ մեկը։ Նման պայմաններ չի կարելի մարդկանց թելադրել, ինձ ինչ մակետ ցույց են տվել գնման ժամանակ, դա էլ պետք է անեն։ Պետք է կառավարության կողմից էլ ճնշում լինի, որ իրանք (կառուցապատող – խմբ.) իրանց հավաքեն»,– նշեց Թունյանը։
Մեկ այլ բնակիչ Հասմիկը կառուցապատողից պահանջում է, որպեսզի իրենց հետ կոնտակտի դուրս գան ու գոնե ասեն, որ վերահսկողության տակ է իրավիճակը։ Բնակիչներից Հայկն էլ պնդեց` կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի իրենց խնդիրներով, բայց բնակիչներից որևէ մեկն այդ խմբում ներառված չէ։
«Մեր խնդիրներն են քննարկվում, ուրեմն մենք էլ պետք է ներգրավված լինենք այդ աշխատանքներում, որ պահանջները հստակ ներկայացնենք։ Դա չի արվում, ուրեմն ծածկադմփոց անելու համար ստեղծված հանձնաժողով է»,– նշեց Հայկը։
0Comments