Այսպիսի արդարություն չի լինում և ո՛չ էլ արդարադատություն. Է՜, Նիկո՛լ…

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Բնականաբար, եթե սերմացու գողացող մկները, Հայաստանի ընտրական համակարգը երբևէ պղծած և ընտրությունների արդյունքները կեղծած օլիգարխները, 10 հազար դրամով գյուղերի, քաղաքների, մարզերի բնակչության ձայները տարիներ շարունակ գնած և երբևէ նախարարի ու մարզպետի պաշտոն զբաղեցրած գողական մտածելակերպ ունեցող անձինք չեն ենթարկվում քրեական պատասխանատվության և շարունակում են մնալ ազատության մեջ, եթե նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ճարտարապետներն ու պետության և հասարակության ունեցվածքը թալանած անձինք, ինչպես նաև նախորդ տարիների ընթացքում քաղաքական կամ այլ շարժառիթներով ու դրդապատճառներով իրականացված սպանությունների կատարողներն ու պատվիրատուները չեն ենթարկվում քրեական պատասխանատվության և շարունակում են մնալ ազատության մեջ, Աշոտյան Արմենը լիարժեք բարոյական իրավունք ունի հայտարարելու, որ իր վարորդի ձերբակալությունը բացառապես քաղաքական է, այլ կերպ ասած, իր վարորդը քաղաքական բանտարկյալ է:

Հայաստանի գործող քաղաքական իշխանության հեղինակությանը ոչ ոք այսքան վնաս չի հասցրել, որքան դատաիրավական համակարգի անփառունակ գործունեությունը:

Գոնե քաղաքավարությունից դրդված կանչեիք Աշոտյանին և տեղեկացնեիք, որ իր վարորդն իրենից գաղտնի մի քանի տեղ պահակ, բանվոր ու վարորդ է աշխատել, ուստի պետք է պատժել հանցագործին…

Այսպես իջեցնել քրեական քաղաքականության նշաձողը, այս մակարդակի ընտրովի դիրքորոշում դրսևորել հանցավորության դեմ պայքարում, հնարավոր է միայն մի դեպքում, երբ չես ուզում, որ Հայաստանում օրենքի առաջ հավասար լինեն բոլորը և պատասխան տան բոլորը, կա՛մ չես հասկանում, կա՛մ քեզ խաբում են…

Բոլոր դեպքերում, այս իրավիճակի քաղաքական պատասխանատվությունը կրում է իշխանությունը:

Ես պնդում եմ, որ այսօր գոյություն չունի քրեական քաղաքականության հայեցակարգ և որևէ տրամաբանություն: Ամեն ինչ կառուցված է կոնյուկտուրայի և պայմանավորված այն հանգամանքով, թե ում հետ գործ ունեն:

Հայաստանում չեն աշխատում քրեական օրենսդրության սկզբունքները՝ օրինականության, օրենքի առջև հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, անձնական պատասխանատվության, ըստ մեղքի պատասխանատվության, արդարության և պատասխանատվության անհատականացման ու մարդասիրության…

Այսպիսի արդարություն չի լինում և ո՛չ էլ արդարադատություն:
Է՜, Նիկո՛լ…

Փաստաբան Նորայր Նորիկյան