Տարրական սխալ եմ արել, գրանցել եմ ավտոմեքենան, որն այդ րոպեին ձեռքիս տակ է եղել, բայց հայտարարագիրը վերաբերել է ամբողջ տարվան, այսինքն՝ պետք է գրանցեի հունվարի 1-ին: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հունիսի 7-ի որոշմանը:
Նա վստահեցրեց, որ ձգտել է մաքսիմալ ազնիվ լինել․ «Նույն տրամաբանությամբ կարելի է երեւի 132 պատգամավորներից ամեն տասներորդի մոտ մի հատ այդպիսի վրիպակ գտնել, օրենքն էլ է նախատեսում, որ վրիպակ կարող է լինել, որովհետեւ ժամանակ է տրվում ուղղումներ կատարելու: Մի բան է խոսել վրիպակի, նախազգուշացման, անզգուշությամբ մեկ այլ ինֆորմացիա գրելու մասին, եւ այլ բան է խոսել էապես ապօրինի հարստանալու, քննիչի հետ զրուցելու եւ ՀՔԾ դիմելու մասին»։
Սիմոնյանը նշեց, որ էթիկայի հանձնաժողովը ապացուցել է այն, ինչ ինքը ի սկզբանե ասել է. «Այն փաստը, որ առաջին օրվանից հայտարարում են՝ դիմելու են ՀՔԾ եւ չեն անում, դա խոսում է նրա մասին, որ իրենք էլ են հասկանում, որ հիմք էլ չկա դիմելու, բայց աղմուկը բարձրացնում են»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանը այդ վրիպակը բացատրեց այն հանգամանքով, որ որպես բարձրաստիճան պաշտոնյա՝ առաջին անգամ է հայտարարագիր լրացրել. «Դա իմ ամենաառաջին հայտարարագիրն է եղել որպես բարձրաստիճան պաշտոնյա: Այն հեքիաթները, որ մինչեւ հիմա պատմվում էր՝ իբր ապօրինի հարստացման, էապես ֆինանսական վիճակի փոփոխման, ՀՔԾ դիմելու մասին, հօդս ցնդեցին»:
Հարցին՝ նախկինում ինչպիսի հարաբերությունների մեջ է եղել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ, Սիմոնյանն ասաց, որ մի անգամ բարկացել է նրա վրա. «Ընտրություններից անմիջապես հետո անձամբ Դաինելը այցելել է առվազն 1 լրատվական կայք եւ համոզել է, որ իմ դեմ վարկաբեկող նյութ տպեն: Նյութը տպագրվելուց 5 օր հետո իրեն մի տեղ հանկարծակի հանդիպել եմ եւ ասել եմ՝ ամոթ քեզ, որ դու նման քայլ ես արել, ինքը հրապարակավ այդ նյութը դրել է եւ խնդրել է, որ ես դա մեկնաբանեմ: Նա մեր խոսակցության մեջ ընդունեց, որ նման քայլի է գնացել»:
Իսկ թե ինչու է Իոաննիսյանը նման քայլի դիմել, Ալեն Սիմոնյանը դժվարացավ հստակ պատասխան տալ. «Ենթադրում եմ, որ պատճառը կարող է լինել անձնական կամ իմ՝ հայ-ռուսականի մակարդակում ունեցած պաշտոնները, ես հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավարն եմ, ինչ ասես՝ կարող է պատճառ լինել»:
Հիշեցնենք, որ Դանիել Իոանիսյանը հայտարարել էր, որ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերում ունեցվածքի, մասնավորապես՝ մեքենայի մասին տվյալները կեղծ են, եւ դա հավանաբար արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով։
Ալեն Սիմոնյանը հերքել է այս մեղադրանքը եւ բանկից քաղվածք ներկայացրել, որ մեքենան գնվել է վարկային միջոցներով:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հունիսի 7-ին որոշել է վարչական տույժ կիրառել Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ․ «Համաձայն վերոհիշյալ որոշման՝ 2018 թ. hայտարարատու պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելու համար Ալեն Ռոբերտի Սիմոնյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» վարչական տույժը, ինչպես նաեւ տրվել 30-օրյա ժամկետ՝ հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջներին կամ ներկայացման կարգին համապատասխան ներկայացնելու համար»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
0Comments