ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է, որ իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Նախագծով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)` պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Որպես հիմնավորում` նախագծի ջատագով ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ իշխանության ներկայացուցչին պաշտպանող օրենքներ կան աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հայաստանում ևս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված ոստիկանության ծառայողի ծառայողական պարտականությունները խոչընդոտող և անգործությամբ դրսեւորվող արարքի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջի չկատարման համար: Այդ գործողությունների առավել վտանգավոր դրսեւորումները` բռնություն գործադրելը եւ դրա սպառնալիքը, պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:
Բայց պարզվում է այսքանը քիչ է: Հայաստանի թավշյա իշխանությունները հավելյալ պաշտպանության կարիք ունեն: Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանության ներկայացուցչին, նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հրապարակայնորեն վիրավորելուն, որի համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3-րդ հոդվածով ներկայումս նախատեսում է տուգանքի նշանակում 20 հազարից 50 հազար ՀՀ դրամի չափով: Պատգամավորն առաջարկում է պատժաչափը խստացնել`տուգանքը հասցնելով նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Հետաքրքիր է, նման օրինագծին ինչպիսի գնահատական կտար իշխանությունների հասցեին ամենասուր քննադատություններ հնչեցնող, պիտակավորումներ տվող երբեմնի ընդդիմադիր պատգամավոր և լրագրող Նիկոլ Փաշինյանը: Կարելի է անգամ պատկերացնել նրա ելույթը ԱԺ ամբիոնից. <<Սերժ Սարգսյանի համար միակ արժեքը սեփական իշխանությունը պաշտպանող ոստիկանությունն է: Տեսեք` ինչ է անում իշխանությունը: Նա ասում է` հանկարծ չփորձեք իշխանության ներկայացուցչին ասել` աչքիդ վերևում հոնք կա, թե չէ էնպիսի տուգանք կդնեն վրադ, որ տունուտեղդ ծախես` տակից դուրս չես գա: Իսկ քաղաքացին այս իշխանության համար տուգանվելու մատերիալ է.... Այս նախագծի իմաստն այն է, որ իշխանության դեմ դուրս եկած քաղաքացուն ոստիկանները հանգիստ տանեն բաժիններ ու տուգանեն.... մենք դեմ ենք քվեարկելու ռեժիմի շահերը սպասարկող այս նախագծին>>:
Ի դեպ, օրենքով պաշտպանված են նաև դատավորների իրավունքները: Դատավորի և դատարանի բնականոն գործունեությունը խոչընդոտելու համար շատ լուրջ տուգանքներ և քրեական պատիժներ են նախատեսված: Բայց դա չխանգարեց Փաշինյանին` կոչ անել իր թիմին և համախոհներին` շրջափակել դատարանները: Դասականը կասեր` թուլացե'ք, պարոնա'յք, Դուք կդատեք, Ձեզ էլ կդատեն:
0Comments