ՀՀ–ում խաղողագործությունը կվերանա, եթե աշխարհահռչակ կոնյակը փոխվի բրենդիով. Սարգսյան

Մանրամասներ
կոնյակ

Հայկական կոնյակի հիմնական շուկան ԵԱՏՄ–ն է, ուր արտահանվում է ՀՀ–ում արտադրված կոնյակի 93 տոկոսը, իսկ մնացած 7 տոկոսը սպառվում է Հայաստանում ու աշխարհի այլ երկրներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ իշխանությունների նախաձեռնությանը` հայկական կոնյակն անվանափոխել Armenian brandy–ով։

Անվանափոխության համար իշխանությունների հիմնական փաստարկն այն է, որ մենք խնդիրներ ունենք մեր խմիչքը եվրոպական շուկա արտահանելու իմաստով, քանի որ ֆրանսիացիները բողոքում են, որ այն ստեղծվել է իրենց երկրի Կոնյակ շրջանում։

«Բրենդին կոնյակ չէ, դա աբսուրդի ժանրից է։ Եթե անվանումը փոխում ենք, ապա ԵԱՏՄ–ում մեր հայկական կոնյակի շուկան գլխիվայր շուռ կգա, բոլոր տնտեսվարողները կսնանկանան, քանի որ բելառուսները, ռուսները մեր խմիչքը ճանաչում են կոնյակ անունով, որը պատրաստված է մեր տեղական, հայկական էնդեմիկ խաղողի սորտերով»,– ընդգծեց Սարգսյանը։

Նա վստահեցնում է` ՀՀ–ում կոնյակն ավելի շուտ է ստեղծվել, քան Ֆրանսիայի Կոնյակ տարածքում։ Խաղողագործների միության նախագահը հիշեցնում է, որ հայկական կոնյակը ստեղծվել և աշխարհում իր ուրույն տեղն ու դիրքն ուներ արդեն 1887 թվականին, մինչդեռ ֆրանսիացիները այն ստեղծել են 1906 թ.։ Ըստ նրա` այդ մասին վկայող բազմաթիվ պատմական փաստաթղթեր կան։

«ԵՄ–ն այդ ի՞նչ պետք է անի, որ հայկական կոնյակը ճանաչելի դարձնի Եվրոպայում այն դեպքում, երբ այնտեղ կոնյակի և գինիների ուժեղ մրցակցություն կա։ Սա հերթական աբսուրդ, պոպուլիստական քայլն է եվրաչինովնիկների կողմից մեր հայկական կոնյակը ոչնչացնելու, անունը փոխելու, մեր արժեքներից ևս մեկը վերացնելու համար։ Եվրոպական շուկայում մեզ ո՛չ սպասում են, ո՛չ էլ ճանաչում են»,– նշեց Սարգսյանը։

Նա ահազանգում է` ՀՀ–ում խաղողագործությունը կվերանա` 18 հազար հա խաղողի այգիները, գյուղացիական տնտեսությունները, որոնք խաղողագործությամբ հիմա կարողանում են ընտանիք պահել, կվերանան։

Սարգսյանի համոզմամբ` ՀՀ կառավարությունն այս դեպքում պարտավոր էր բոլոր հնարավոր ջանքերը գործադրել` պաշտպանելու մեր կոնյակը բոլոր տեսակի ոտնձգություններից և մանիպուլյացիաներից, մինչդեռ հակառակն է անում։

Նշենք, որ հայկական կոնյակի արտադրության որակի վերահսկման մեխանիզմների ապահովման, ռեբրենդինգի, գովազդի և շուկաներ դուրս գալու ԵՄ ծրագիրը մեկնարկել է 2024 թ. նոյեմբերի 2–րդ կեսին։ Մեր կոնյակի ռեբրենդինգի արդյունքում Armenian Brandy նոր անվանումը կգրանցվի որպես աշխարհագրական նշում, որը կունենա արտադրության վերահսկողության որակի հստակ մեխանիզմներ և չափանիշներ։

Այս ծրագրի իրականացման համար ԵՄ–ն հատկացրել է 2.9 մլն եվրո։ Հայկական կոնյակի համար Armenian Brandy նոր անվանումը մշակել է Backbone ընկերությունը։

Հիշեցնենք նաև` 2021 թ. հունիսին հայտնի դարձավ, որ հայ արտադրողները Հայաստանի և Եվրամիության միջև ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում 2043 թվականից պետք է հրաժարվեն կոնյակ բառի օգտագործումից։