Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. փորձագետը` տեղական բիզնեսի խնդիրների մասին

Մանրամասներ
օնլայն առևտուր

Առցանց առևտրի ծավալների աճի ու գների անկման պայմաններում մրցակցությանը դիմանալու համար տեղական փոքր ու միջին բիզնեսը պետության աջակցության կարիքն ունի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Նրա խոսքով` շուկայում առկա միտումները տեսնելով` ՀՀ կառավարությունը դեռ 1-2 տարի առաջ պետք է ապրանքների ձեռքբերման շուկայի մանրակրկիտ ուսումնասիրություն իրականացներ փորձագետների ու մանրածախ առևտրով զբաղվողների հետ։ Ապրանքի ինքնարժեքի հաշվարկի ու մրցակցության գնահատման հիման վրա պետք է ստեղծվեին տեղական բիզնեսի խթանմանն ուղղված իրավական ակտեր ու ծրագրեր։

Որպես աջակցության օրինակ, Նաիրի Սարգսյանն առաջարկում է վարկավորման երաշխավորության տրամադրում պետության կողմից, տոկոսադրույքների սուբսիդավորում, տարածքաների անհատույց օգտագործման տրամադրում` որոշակի ժամկետներում, հարկային արձակուրդների տրամադրում։

«Բայց, քանի որ մեր կառավարությունը ունակ չէ այդպիսի ուսումնասիրություններ, հաշվարկներ կատարելու և դրանով զբաղվող աշխատանքային խումբ ստեղծելու, տեղական բիզնեսը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Եթե մի քիչ ուշադիր լինենք, Երևանում արդեն կնկատենք շատ տարածքներ, որոնք երկար ժամանակ վարձով են տրվում, բայց այդպես էլ չեն զբաղեցվում»,– նշում է Սարգսյանը։

ՓՄՁ–ին աջակցելու փոխարեն` ՀՀ կառավարությունը, Սարգսյանի դիտարկմամբ, ավելացնում է նրանց հարկային բեռը։ Որպես հետևանք, ՓՄՁ ներկայացուցիչները կառավարության դեմ բողոքի ցույցեր են կազմակերպում, ինչը, ըստ մեր զրուցակցի, վկայում է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

ԿԲ–ի հրապարակած տվյալներով` էլեկտրոնային առևտրի շրջանառությունը ՀՀ–ում 2024 թ.–ին 2023-ի համեմատ աճել է 75 %-ով` կազմելով 972,5 մլրդ դրամ` 2023 թ–ի 556,8 մլրդ դրամի փոխարեն։

Ընդ որում, էլեկտրոնային առևտրի ամբողջ ծավալում պատվերների 77 տոկոսը կազմել են ներքին պատվերները, 23-ը` միջազգային։ Տեղական գործարքների շարքում զգալի տեղ են զբաղեցնում սննդի և տաքսիների առցանց պատվերները, մինչդեռ միջազգային պատվերների գերիշխող մասը կազմել են բջջային և կենցաղային տեխնիկայի, հագուստի գնումները ինչպես անհատների, այնպես էլ վերավաճառողների կողմից։

Խոսելով առցանց առևտրի մրցակցային առավելությունների մասին` Նաիրի Սարգսյանը նկատում է, որ բացի հարմարավետությունից, այն նաև շատ ավելի մատչելի է, քանի որ առցանց առևտուր կազմակերպողները մեծաքանակ պատվերների համար շատ ավելի ցածր ճանապարհածախս են վճարում, քան առանձին պատվիրատուները` փոքր խմբաքանակների համար։

Բացի այդ, մանրածախ առևտրով զբաղվողներն իրենց վաճառած ապրանքի ինքնարժեքում ներառում են նաև տարածքի վարձակալության ու այլ վճարները, աշխատակիցների աշխատավարձերը, տարատեսակ հարկերն ու տուրքերը, ինչը անհամեմատ բարձրացնում է ապրանքի գնը` էլեկտրոնային վաճառքի նկատմամբ դարձնելով այն անմրցունակ։ Արդյունքում փոքր ու միջին բիզնեսը, Նաիրի Սարգսյանի բնորոշմամբ, ուղղակի դուրս է «շպրտվում» շուկայից` հակառակ պետության ու տնտեսության համար իր կարևորության։

Հիշեցնենք` ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են արվել, որոնցից մեկով կրկնակի բարձրանում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Օրենքի մեկ այլ փոփոխությամբ` շրջանառության հարկով աշխատող մի շարք ոլորտներ կանցնեն ավելացված արժեքով հարկվող համակարգ։

Այսպիսով, այն միկրոձեռնարկատերերը և ՓՄՁ–ները, որոնք գործում են կամ կսկսեն գործել շրջանառության հարկի համակարգում (այս հարկման շեմը տարեկան մինչև 120 մլն դրամ է–խմբ.), 2025 թվականից ստիպված կլինեն վճարել կրկնակի դրույքաչափով։

Ըստ այդմ` առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվել է 10 %, արտադրության դեպքում` 7 %, հանրային սննդի դեպքում` 12 %։

Շրջանառության հարկը 5 տոկոսից 10 տոկոս դարձնելու որոշումից դժգոհ տնտեսվարողները վերջին շրջանում պարբերաբար բողոքի ակցիաներր են կազմակերպում ՀՀ կառավարության շենքի մոտ։