Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախաբանում Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ամրագրված է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք։ Հետևաբար, սահմանազատման ողջ գործընթացի հիմքում դրվելու են Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող և իրավաբանորեն հիմնավորված փաստաթղթերը և քարտեզները, որոնք արտահայտել են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև առկա վարչական սահմանը»,- ի պատասխան գրավոր հայտնել են Մհեր Գրիգրյանի գրասենյակից՝ առանց մանրամասնելու՝ այս ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների միջեւ լրացուցիչ հստակեցումներ արվել են թե ոչ։
Ընդգծենք միայն, որ 2024 թվականի Տավուշում կատարված սահմանազատման ժամանակ հստակ նշվում էր, որ հիմք են ընդունվում 1976 թ-ի ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ-ում առկա պոպոգրաֆիական քարտեզները, իսկ ներկայումբ խուսափում են նշել կոնկրետ քարտեզ։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգի 3.4-րդ կետի համաձայն՝ հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,- եզրափակել են Մ. Գրիգորյանի գրասենյակից։
0Comments