Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանը՝ նշելով, որ կրակոցները գիշերային ժամերին են միայն հնչում։
«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,–ասաց վարչական ղեկավարը։
Սյունիքի մարզի Խնածախ գյուղի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի խոսքով, մարտի 31-ին տեղի ունեցածից հետո ամեն գիշեր կրակոցների ձայներ են լսվում։
«Գիշերվա ընթացքում 3-4 անգամ կրակոցների ձայներ են լսվում, բայց դրանք թիրախային չեն։ Կրակոցների հետևանքով գյուղը վնասներ չի կրել։ Բնակիչները մտահոգություններ ունեն, բայց չեմ կարող ասել, որ վախեցած են կամ լարված»,–ասաց Խնածախի վարչական ղեկավարը։
ՀՀ ՊՆ–ից NEWS.am–ին հայտնեցին.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով։
Հավելեմ նաև, որ, երբ լինում են թիրախային կրակոցներ, ինչպես օրինակ մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի բնակելի տան ուղղությամբ, պաշտպանության նախարարությունն այդ մասին պատշաճ հաղորդում է:
Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են»։
0Comments