Այսօր՝ ապրիլի 13-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում էր Ծաղկազարդն ու մանուկների օրհնության օրը։ Ս. Հարության տոնին նախորդող կիրակի օրն է նշվում Ծաղկազարդը, որը նշանավորում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այսօր եկեղեցիներում տեղի է ունենում Սուրբ պատարագ և մանուկների օրհնություն։
Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Ըստ եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն էլ առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդը խորհրդանշում է նաև արարչության առաջին օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը և, լույսը տարածվելով, հալածեց խավարը:
Ծաղկազարդի օրը Քրիստոսն իր կամքով գնաց Երուսաղեմ՝ իր չարչարանքների վայրը, որպեսզի ցույց տա, որ ինքն է Աստծո գառը, որը կամենում է պատարագվել մեր փրկության համար:
Հավելենք, որ այսօրվա Ս. պատարագը մատուցվում է բաց վարագույրով: Իսկ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստեր և բաժանում ժողովրդին:
Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, ովքեր պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսի հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ս. Ծննդյան օրն Արևելքից մոգերի բերած ընծաները:
0Comments