Այսօր Մեծ Պահքի առաջին կիրակին է՝ Բուն բարեկենդանը, hայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
Պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ Պահքի նախընթաց օրն էլ կոչվում է Մեծ կամ Բուն Բարեկենդան: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, բարի կյանք, ինչը հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը պատկերված է Աստվածաշնչի Ծննդոց գրքում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքի պատմությամբ:
Բուն Բարեկենդանը Մեծ Պահքի կիրակիներից առաջինն է։
Բարեկենդանին մարդիկ ուրախանում և զվարճանում են, ճաշակում համեղ կերակուրներ, կազմակերպում տարբեր խաղեր ու պարեր, ասես դրանով խորհրդանշեն դրախտային կյանքը, ուր մարդուն թույլատրված էր ճաշակել բոլոր պտուղներից և վայելել ամեն բան, բացի բարու և չարի իմացության ծառի պտղից։
Բուն Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը, երեկոյան ժամերգության ընթացքում, փակվում են բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները և բացվում են Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին։ Մեծ Պահքի ընթացքում վարագույրը բացվում է միայն Ծաղկազարդին, Ավագ հինգշաբթի՝ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքի հիշատակության և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման Ս․ Պատարգին, Ոտնլվայի արարողությանը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մուտքը վիրապ, Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման, Տեառընդառաջի տոներին, եթե դրանք հանդիպում են Մեծ Պահքի օրերին:
0Comments