Ադրբեջանական զինուժը դարձյալ կրակել է Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, բարեբախտաբար տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
ՊՆ–ից հիշեցնում են, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Մարտի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 00:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել։
Ապրիլի 5-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ ադրբեջանական զինուժի կողմից մարտի 31-ին Սյունիքի մարզի Խնածախ գյուղի տներից մեկի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նշանակվել է դատաձգաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
0Comments