Կոլորադոյի «խելացի քաղաքի» հեղինակները ներդրումներ են ստացել իրենց անծանոթ Հայաստանից

Մանրամասներ
Ռուբեն Օսիպյան

Հայկական «STAN» ներդրումային ցանցն առաջին անգամ ֆինանսավորել է մի ստարտափ, որն առնչություն չունի հայ գործարարների հետ: Ցանցի գործադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը Sputnik Արմենիային հայտնեց, Հայաստանից դուրս առաջին մասնաճյուղը բացել են անցյալ տարվա վերջին և սկսել են դիտարկել ամերիկյան ստարտափները։

«STAN»-ը ներդրողների յուրատեսակ ակումբ է, որոնք ֆինանսավորում են բարձր ռիսկայնությամբ ստարտափները: Համաշխարհային պրակտիկայում նման ներդրողներին անվանում են «բիզնես-հրեշտակներ», ինչն արտացոլվում է ցանցի ամբողջական անվան մեջ՝ «Science and Technology Angels Network»։ «STAN»-ն արդեն ներդրումներ է կատարել 6 երկրների 24 նախագծերում

ԱՄՆ-ում «STAN» ցանցի առաջին նախագիծը «խելացի քաղաքի» մոդելն է, որը մշակվել է Կոլորադո նահանգի Նեդերլենդ քաղաքում հիմնադրված ստարտափի կողմից:

Նեդերլենդի փոխքաղաքապետ Նիկոլ Ստերլինգը որոշել է ստեղծել քաղաքի մանրամասն եռաչափ քարտեզ, որը թույլ կտա ավտոմատացնել մի շարք պետական ծառայություններ: Օրինակ` շինարարության համար դիմում ներկայացնելիս համակարգը ինքնուրույն ստուգելու է տեղանքի համապատասխանությունը քաղաքի գոտիավորմանը (բնակելի, կանաչ և արդյունաբերական):

Սովորաբար նման առաջադրանքները կատարում են քաղաքաշինության մասնագետները: Խոշոր քաղաքների վարչակազմերում աշխատում են տասնյակ մասնագետներ, սակայն փոքր Նեդերլենդում, որը շուրջ 1500 բնակիչ ունի, միայն մեկ մասնագետ կա: Այսինքն` «խելացի քաղաքի» տեխնոլոգիան էապես կհեշտացնի և կարագացնի տեղական կառուցապատողների աշխատանքը։

«Mytown.ai» ստարտափը կիրառում է արհեստական բանականություն և նախատեսում է ոչ միայն Նիդերլենդում համակարգ ներդնել, այլև այն առաջարկել այլ փոքր բնակավայրերի:

Մինչ Հայաստանից ֆինանսավորում ստանալը Նիկոլ Ստերլինգը հավանաբար քիչ բան է իմացել մեր երկրի մասին (թեև գուցե սխալվում ենք): Այդուհանդերձ, ինչպես նշեց Ռուբեն Օսիպյանը, սա վառ օրինակ է, թե ինչու է հայ ներդրողների համար կարևոր չսահմանափակվել միայն հայրենակիցների նախագծերին աջակցելով: Ընդլայնելով համագործակցությունը և բաց լինելով ազգային շրջանակներից դուրս հեռանկարային գաղափարների համար՝ կարելի է զգալիորեն ավելացնել հետաքրքիր և հեռանկարային նախագծերի քանակը:

«Եթե ուզում ենք Հայաստանը դարձնել նորարարությունների միջազգային կենտրոն, ապա այլընտրանք չունենք։ Իսկ միջազգային կապերի լայն ցանցը օգուտ կբերի նաև հայկական ստարտափներին», - հավելեց Օսիպյանը։

«STAN»-ի լոսանջելեսյան մասնաճյուղը գործընթացի միայն սկիզբն է։ Ապագայում ցանցը նախատեսում է ներկայացուցչություններ բացել ԱՄՆ-ի և Եվրոպայի այլ քաղաքներում, գուցե նաև հետխորհրդային երկրներում կամ Ասիայում՝ համագործակցելով տեղական ներդրումային ընկերությունների հետ: Այս մոտեցումն արդեն իրականացվել է Լոս Անջելեսում, որտեղ «STAN»-ի գործընկերն է դարձել սփյուռքահայ ներդրողների հիմնադրած «Triple S Ventures» վենչուրային հիմնադրամը։

Այսօր «STAN» ցանցում կա ավելի քան 40 ներդրող, որոնցից 17-ը՝ Լոս Անջելեսում (կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Երևանում)։

Բացի ներդրողներից, նախատեսվում է ցանցին միացնել փորձագիտական խորհուրդ, որում կընդգրկվեն ինժեներներ, ծրագրավորողներ և ձեռներեցներ, այդ թվում՝ նրանք, ովքեր արդեն ստեղծել և հաջողությամբ վաճառել են իրենց ընկերությունները: Խորհուրդը համապատասխան ծառայություններ կտրամադրի ինչպես ներդրողներին, այնպես էլ ստարտափների հիմնադիրներին։