Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը և ի՞նչ է սպասվում առաջիկայում. տնտեսագետի մեկնաբանությունը

Մանրամասներ
գազալցակայան

Հայաստանյան շուկայում նկատվող հեղուկ գազի թանկացումը վերջին շրջանում պայմանավորված է հիմնականում եղանակի պատճառով Վերին Լարսի անցակետի փակ լինելու և ներկրող–վաճառողների` դրանից օգտվելու հանգամանքով. Sputnik Արմենիային ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Հայաստանում չկան պահեստներ, որոնք թույլ կտան մի քանի ամսվա կամ շաբաթվա հեղուկ գազ կուտակել։ Եվ երբ այս կամ այն պատճառով Վերին Լարսի անցակետը փակվում է, մեզ մոտ միանգամից զգացնել է տալիս հեղուկ գազի թանկացումը, քանի որ ներկրողները և վաճառողները, օգտվելով հանրային բացասական սպասումներից, խուճապից, գինը բաձրացնում են»,– նշում է տնտեսագետը` չբացառելով, որ տնտեսվարողները կարող են նույնիսկ հեղուկ վառելիքը անհամեմատ ավելի էժան գնով ձեռք բերած լինեն, բայց, օգտվելով հարմար իրավիճակից, գինը բարձրացնեն։

Հեղուկ գազի 1 լիտրն այսօր ՀՀ–ում վաճառվում է 200-210 դրամով, մինչդեռ 1 ամիս առաջ` փետրվարի առաջին տասնօրյակում, այն տատանվում էր 130-160 դրամի միջակայքում։ Թանկացումն, իհարկե, չի վրիպել վարորդների ուշադրությունից, և սպառողների մոտ ձևավորվել են բացասական սպասումներ, ինչից էլ, ըստ Պարսյանի, օգտվում են ոլորտի գործարարները` լրացուցիչ շահույթներ ստանալու համար։

«Շուկայի մասնակիցները շատ ռիսկային դաշտում են գործում։ Ինքս մի քանիսի հետ խոսել եմ։ Նրանք նշում են, որ մեկ ամսվա ընթացքում կարող են սնանկանալ կամ հարստանալ` կախված իրավիճակից։ Այդ պատճառով շատ քչերն են վերջին շրջանում քաջություն ունենում մտնելու այդ շուկա, որովհետև կարող են վառելիքը 200 դրամի պայմաններում պատվիրել, բերել Հայաստան, իսկ այդ պահին գինը կարող է իջած լինել 110-120 դրամի և հակառակը»,– նշում է տնտեսագետը` հավելելով, որ գների հաճախակի փոփոխության պայմաններում տնտեսվարողները ստիպված են լինում ապահովագրել իրենց հնարավոր ռիսկերից, և հարմար առիթի դեպքում գինը անպայման բարձրացնում են։

Ինչ վերաբերում է շուկայի մրցակցային լինելուն, Պարսյանի դիտարկմամբ, ոլորտում թեև խաղացողները շատ են, բայց գին թելադրողը մի քանի հիմնական ներկրողներն են։

Հայաստանյան շուկայի վրա էապես ազդում է նաև գազի միջազգային շուկայում տիրող իրավիճակը։ Սուրեն Պարսյանը նկատում է, որ եվրոպական շուկայում այս պահին գազը բավական թանկ արժե` ՌԴ–ից Եվրոպա մատակարարումների կրճատմամբ պայմանավորված, ինչի հետևանքով ԵՄ երկրների գազապահեստները շուրջ 2/3-ով դատարկ են։

Թե հեղուկ գազի գինը ինչ վարքագիծ կդրսևորի մոտ ապագայում` կշարունակի թանկանա՞լ, թե՞ դարձյալ կէժանանա, ըստ մեր զրուցակցի, կախված է 2 հիմնական գործոններից` Վերին Լարսի անցակետի բնականոն գործունեությունից և միջազգային շուկայում գազի շուրջ հնարավոր զարգացումներից։

Եթե անցակետի դեպքում եղանակի ջերմացումը դրական սպասումներ է ձևավորում, ապա միջազգայի շուկայում վիճակն այնքան էլ հուսադրող չէ. գազի գինը շարունակում է բարձրանալ։

«Այսինքն` մի կողմից առկա է գնիջեցման գործոն, մյուս կողմից` գնի բարձրացման։ Թե այդ հարաբերակցությունը որ կետի վրա կկանգնի, այս պահին դժվար է կանխատեսել։ Եթե դրան գումարենք նաև մեր շուկայի առանձնահատկությունները, ակնհայտ է դառնում, որ մատակարարները փորձելու են գինը բարձր պահել` 200-ին մոտ, որպեսզի իրենց ռիսկերը նվազագույնի հասցնեն ու նաև շահույթ ստանան»,– ենթադրում է Սուրեն Պարսյանը։

Նկատենք, որ հեղուկ գազի գինը ՀՀ–ում նվազագույն շեմին էր հասել 2024թ–ի մայիսին` 1 լիտրը 60- 70 դրամ։ Որոշ ժամանակ անց, սակայն, գինը սկսեց կտրուկ աճել` հուլիսին հասնելով 190-200 դրամի։

Այդ ընթացքում որոշ փորձագետներ չէին բացառում, որ շուկայի խոշոր խաղացողներն այս կերպ փորձում են դաշտը «մաքրել» փոքր տնտեսվարողներից։

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, սակայն, հայտարարում էր, որ շուկան մրցակցային է, և հեղուկ գազ ներկրող ընկերությունների թիվը ոչ թե պակասել է, այլ ավելացել։ Իսկ հեղուկ գազի գնի բարձրացման պատճառը, ըստ նրա, միջազգային բորսայում գրանցված թանկացումն էր։