Երևանի Հյուսիսային պողոտայի բնակարանի գնով կարելի է բնակարան գնել Դուբայում։ Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդման եթերում այս մասին ասաց անշարժ գույքի գործակալության հիմնադիր Սաթենիկ Մկրտչյանը։
Նա նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի անշարժ գույքի շուկաները շատ տարբեր են, քանի որ մեր երկրում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվում է ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ ԱՄԷ-ում գործարքների 70%-ը օտարերկրյա ներդրումներն են։
Բացի այդ, Հայաստանում անշարժ գույքի վաճառքի հետ կապված խնդիրները կարող են տևել ամիսներ, մինչդեռ ԱՄԷ-ում բնակարանները հիմնականում ձեռք են բերում օրերի, շաբաթների ընթացքում։
Հայերը սկսել են Դուբայում ներդրումներ անել 2010 թվականից, բայց հիմա այնտեղ անշարժ գույք գնելու ցանկություն ունեցողների թիվն ավելի քիչ է, քան 5 տարի առաջ։
«Շատերը նախընտրում են երկու փոքր բնակարան գնել, բայց ես միշտ խորհուրդ եմ տալիս գնել միանգամից մեծը և լավ տարածքում։ Պետք չէ վախենալ մեծ ներդրումներից, որովհետև հետագայում վարձակալության տալով` կարող եք մեծ եկամտաբերություն ունենալ»,- ասաց փորձագետը:
Մկրտչյանը հավելեց, որ 500 հազար դոլարով կարելի է լավ բնակարան գնել Դուբայի էլիտար տարածքում։ Այս համատեքստում նա համեմատեց Երևանի և Դուբայի անշարժ գույքի գները։ Նրա խոսքով` եթե Երևանի կենտրոնում (օրինակ` Աբովյան փողոցում), գտնվող նորակառույց շենքում մեկ քառակուսի մետրի արժեքը 4-7,5 հազար դոլար է, ապա Դուբայում մեկ քմ–ի գինը կարող է տատանվել 7-ից 20 հազար դոլարի սահմաններում։
Հիշեցնենք, որ 2024 թվականին հուլիսին կայացած «Dubai Investment» ցուցահանդեսի ժամանակ երկու օրում ԱՄԷ-ում 60 միլիոն դոլարի անշարժ գույք էր վաճառվել, հիմնականում` մեկ, երկու և երեքսենյականոց բնակարաններ։
0Comments