Եվրոպայի երեք երկրներում տեղի է ունեցել «Հայաստան-Եվրոպա Բիզնես Կամուրջ 2025» գործարար համաժողովների շարքը, որը կազմակերպել է Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը։
Միջոցառման նպատակն է խթանել հայաստանյան և եվրոպական գործարար շրջանակների համագործակցությունը, բացահայտել նոր ներդրումային հնարավորություններ և ձևավորել ամուր գործարար կապեր տարբեր ոլորտներում. ֆինանսներ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, գինեգործություն և այլն։
Միջոցառումն ուղեկցվել է B2B ֆորմատի հանդիպումներով, երկխոսություններով, համագործակցության հուշագրերի ստորագրմամբ և նոր կապերի ձևավորմամբ։
Հռոմ-Պրահա-Վիեննա. Հայաստանը ևս մեկ քայլով մոտեցավ իր տնտեսության դիվերսիֆիկացման և միջազգային կապերի ընդլայնման ռազմավարական նպատակներին՝ «Հայաստան-Եվրոպա Բիզնես Կամուրջ 2025» ծրագրի մեկնարկով։ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ ՀՀ բիզնես պատվիրակությունը ապրիլին այցելեց Իտալիա, Չեխիա և Ավստրիա՝ մասնակցելու կարևորագույն բիզնես համաժողովների, պետական ու մասնավոր հատվածի հանդիպումների և լայնածավալ նեթվորքինգ միջոցառումների։
Առաջին կանգառը՝ Հռոմ։ Պատվիրակությունը հանդիպեց Իտալիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչների հետ՝ քննարկելով հայ-իտալական տնտեսական կապերի ամրապնդման ուղղությունները։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները նաև այցելեցին Հռոմի San Nicola հայկական եկեղեցի, ժ ընդգծելով համայնքային արժեքների և ազգային ինքնության դերը արտերկրում։
Պրահայում պատվիրակությունը հյուրընկալվեց CzechInvest կառավարական կառույցում՝ մասնակցելով հանդիպման, որի ընթացքում ներկայացվեցին Չեխիայի ներդրումային միջավայրը և համատեղ նախագծերի հեռանկարները։
Հաջորդ հանդիպումը կայացավ Չեխիայում ՀՀ դեսպանատանը, որտեղ քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման և նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։ Պրահայում տեղի ունեցավ նաև աշխատանքային հանդիպում IBRS Council-ի չեխ գործընկերների հետ, որի ընթացքում կարևորվեց հայ համայնքի դերը տնտեսական դաշտում և տեղեկատվական հարթակների ժ ստեղծման անհրաժեշտությունը։
Վիեննայում պատվիրակությունը հյուրընկալվեց Vienna Business Agency-ում, որտեղ ներկայացվեցին բիզնեսի ընդլայնման և ներդրումների ներգրավման հնարավորությունները Ավստրիայի շուկայում։ Մասնակիցներին տրամադրվեցին գործիքներ և խորհրդատվություն՝ ԵՄ շուկա մուտք գործելու ուղիների վերաբերյալ։
Հանդիպման ժամանակ հայկական ընկերությունները հարց ու պատասխանի ձևաչափով ստացան իրենց հետաքրքրող պատասխանները՝ ինչպես դեպի Ավստրիա արտահանման և ներմուծման, այնպես էլ երկրում համատեղ բիզնես ծրագրերի իրականացման վերաբերյալ։
Վիեննայի ՀՀ դեսպանատանը ևս կայացավ աշխատանքային հանդիպում՝ ուղղված հայ-ավստրիական տնտեսական կապերի խթանմանը։ Պատվիրակությունը նաև այցելեց Մխիթարյան միաբանության հայկական եկեղեցի՝ ամփոփելով ծրագիրը համայնքի աջակցությամբ և համագործակցության նոր հորիզոնների քննարկմամբ՝ հանդիպելով հայկական համայնքի ղեկավարության հետ։
Ծրագրի նպատակը միջազգային գործընկերային կապերի զարգացումն է, ներդրումների ներգրավումը՝ ներկայացնելով հայկական բիզնեսը եվրոպական շուկայում։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածությունն ու երկխոսությունը պետական և մասնավոր հատվածների հետ հիմք են դնում երկարաժամկետ ու ամուր համագործակցության համար։
Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը շարունակում է իր առաքելությունը՝ խթանելով Հայաստանի տնտեսական դիվանագիտությունը և ամրապնդելով երկրի ներկայությունը գլոբալ բիզնեսներում։








0Comments