ԵՄ–ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար առնվազն 4-5 տարի է պետք. Դավթյան

Մանրամասներ
նելլի Դավթյան

Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը:

«Սա որպես հիմք ընդունել և եզրակացություններ անել` վաղ է, այս ժամկետը ես նշեցի միայն հիմք ընդունելով այլ երկրների փորձը։ Պետք է առնվազն գործողությունների պլան ունենանք, որ հասկանանք` ինչ ենք անում։ Ոչ ոք մեր առջև ժամկետներ չի դնում, թե երբ մենք պետք է ավարտենք աշխատանքը։ Բայց երբ այն ավարտենք, այդ ժամանակ էլ կլինի վիզային ռեժիմի ազատականացում», - ընդգծեց Դավթյանը։

Այս համատեքստում նա նշեց, որ եվրոպացի փորձագետները տպավորված են Հայաստանի արդյունքներով։ Նրա խոսքով ՝ 20-ից ավելի մասնագետներ ուսումնասիրել են տարբեր ոլորտներ և շուտով առանձին զեկույցներ կներկայացնեն, որոնցում կլինեն կոնկրետ գնահատականներ:

«Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը», - նշեց նա։

Նելլի Դավթյանը նշեց, որ շատ կարևոր են միգրացիայի կառավարման, անձնական տվյալների պաշտպանության, մարդու իրավունքների և իրավապահ մարմինների աշխատանքի գործընթացի վերաբերյալ երկրի ցուցանիշները: