Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Բուդապեշտ ժամանելուց մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանը Հունգարիայից պաշտոնապես պահանջել է ձերբակալել վերջինիս։ Այդ մասին հաղորդում է Իսրայելի 12-րդ ալիքը:
Ըստ այս հաղորդման՝ Հաագայի դատարանը Հունգարիային ներկայացրել է Նեթանյահուի ձերբակալության պահանջի պատճառները և անհրաժեշտ քայլերի գաղտնիությունը պահպանելու անհրաժեշտությունը։
Հեռուստաալիքը հաղորդել է, որ Հաագայի դատարանը երկար ու մանրամասն նամակ է հղել Հունգարիային՝ Նեթանյահուին կալանավորելու համար, Բուդապեշտին հորդորելով համագործակցել դատարանի հետ։
Նշենք, որ օրերս Բենիամին Նեթանյահուի Հունգարիա այցի մասին հայտարարությունից անմիջապես հետո, Հունգարիայի կառավարությունը, մերժելով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) օրդերով Իսրայելի վարչապետի ձերբակալության պահանջը, հայտարարեց կառույցից դուրս գալու մասին։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Իսրայելի վարչապետին հրավիրել էր այցելել իր երկիր անցած նոյեմբերին՝ դատարանի կողմից Նեթանյահուի ձերբակալության օրդերի հրապարակումից մեկ օր անց։
Որպես Միջազգային քրեական դատարանի հիմնադիր անդամ՝ Հունգարիայից պահանջվում է ձերբակալել և արտահանձնել այն անձանց, ում ձերբակալության վճիռ է արձակել դատարանը։ Սակայն Օրբանը վճռի հրապարակումից հետո այն անվանել է բացարձակապես անընդունելի:
0Comments