Վերջին երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանը գրեթե ամեն օր կրակում է Սյունիքի մարզի ուղղությամբ, հետո ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմն է կրակում։ Այս ամենը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հերքվում է, սակայն հաջորդ պահին Ադրբեջանը կրկին շարունակում է ապատեղեկատվության տարածումը։
Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում ադրբեջանական կրակոցներն ամենօրյա բնույթ են կրում։
168.am–ի հետ զրույցում Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքարյանն ասաց, որ ադրբեջանական կողմից հիմնականում գիշերն են կրակում։
«Երեկ գիշերը, նաև դրանից առաջ Ադրբեջանը կրկին կրակել է։ Գյուղում բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներ են կատարում, եթե նայեն այդ կրակոցներին՝ որևէ բան չեն կարողանալու անել։ Կոնկրետ գյուղի միջից այդ կրակոցների ձայները նույն ձևով լսվում են՝ հեռվից»,- նշեց մեր զրուցակիցը։
Վահան Զաքարյանը վստահ է՝ կրակոցները տեղի բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ են հետապնդում, սակայն բնակչությունը սովոր է։
«Եթե բնակիչները ճնշվեին, վաղուց հեռացած կլինեին, բայց ապրում են ու աշխատում, բան չի փոխվում։ Կարծում եմ՝ թշնամու կրակոցները թիրախային չեն, օդ են կրակում հավանաբար»,- հավելեց Խոզնավարի վարչական ղեկավարը։
Նույն վիճակը նաև Խնածախում է։
Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի փոխանցմամբ՝ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կրակում է, դրանք գյուղում լսվում են, բայց բնակչության շրջանում որևէ բան չի փոխվել, նրանք իրենց առօրյայով ապրում են։
«Կոնկրետ այս պահին այդ կրակոցները թիրախային չեն։ Ընդհանուր չեմ կարող ասել՝ կրակոցների նպատակը որն է, բայց կարծում եմ՝ հոգեբանական ճնշում են ուզում գործադրել մեր բնակչության վրա»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սեյրան Միրզոյանը։
0Comments