Չեզոքացնել սահմանին թանկացված բնական գազի գինը. փոխվարչապետ

Գազի գինը հնարավոր կլինի պահպանել «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի օպտիմիզացման հաշվին

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը,  Tert.am-ի խնդրանքով, մեկնաբանել է Կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև բանակցությունների և գազի սակագնի հնարավոր բարձրացման հարցը: Հարցին, թե ինչի՞ շուրջ են բանակցությունները, Գրիգորյանը պատասխանել է.:

-Բանակցությունները մեկնարկել են հունվարի 8-ին:  Դրանք ընթանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման, ծախսերի օպտիմիզացման և հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ:
Գինը հնարավոր կլինի պահպանել ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի օպտիմիզացման հաշվին: Բանակցությունների հիմնական նպատակներից մեկն է նաև մշակել հետագա գործունեության և զարգացման այնպիսի երկարաժամկետ մոդել, որի շնորհիվ հնարավոր կլինի հնարավորինս կանխատեսելի դարձնել ընկերության հետագա սակագնային քաղաքականությունը և նշված գործոններով իսկ չեզոքացնել սահմանին թանկացված բնական գազի գինը:
Բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում, ակնկալվում է համատեղ քննարկման արդյունքում հասնել արդյունավետ լուծման:

Բանակցություններն ընդամենը երեկ են մեկնարկել, այս պահին ավարտի հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել, ասել է փոխվարչապետը: