Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ԱԷԿ-ի կառուցմանը. Մին Չեն

Մանրամասներ
Մին Չեն

Չինաստանը պատրաստ է ակտիվ մասնակցել հայկական ատոմային էներգետիկայի կառուցմանն ու զարգացմանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը։

Հայաստանի կառավարությունը քննարկում է նոր ատոմակայան կառուցելու հարցը, քանի որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, որը երկարաձգվել է «Ռոսատոմի» մասնակցությամբ իրականացված արդիականացման շնորհիվ, կավարտվի 2036 թվականին: Հնարավոր էներգետիկ դեֆիցիտը կանխելու համար նոր կայանի շինարարությունը պետք է ավարտվի մինչև այդ ժամկետը։

«Չինաստանն այս ոլորտում որոշակի տեխնոլոգիական առավելություն ունի, և մենք պատրաստ ենք ծառայեցնել մեր ներուժը», - ասաց Մին Չենը:

Երկկողմ օրակարգի հրատապ թեմաներից է «Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի մասին» միջկառավարական համաձայնագրի ստորագրումը, որը, դիվանագետի խոսքով, կամրապնդի երկրների միջև տրանսպորտային կապերն ու հաղորդակցությունները: Նա հուսով է, որ այդ հարցի շուրջ կոնսենսուսի կհասնեն մոտ ապագայում։

Մին Չենը նաև նշեց, որ Պեկինը մտադիր է «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Հայաստանին ավելի ակտիվ ներգրավել տրանսպորտային նախագծերում: Այս առումով դիտարկվում է հայկական «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հետ սինխրոնացնելու հնարավորությունը։

Նա հիշեցրեց, որ ապրիլի 6-ին լրանում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակը, և ընդգծեց` համագործակցությունը կայուն զարգանում է:

Ծրագրեր են իրականացվում տնտեսական, սոցիալական և հումանիտար ոլորտներում։ Նրա խոսքով` ՇՀԿ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի այս տարի, կարող է լրացուցիչ հարթակ դառնալ երկկողմ փոխգործակցության խորացման համար: