Մոսկվայում Թեհրանի միջուկային ծրագրի հարցով եռակողմ խորհրդակցություններ տեղի կունենան ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի միջև

Մանրամասներ
իրան ռդ չինաստան

ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչներն ապրիլի 7-8-ը Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն Թեհրանի միջուկային ծրագրի խնդրի շուրջ, ինչի մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային:

«Այսօր կամ վաղը Մոսկվայում տեղի կունենա ևս մեկ եռակողմ հանդիպում, որի ընթացքում Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը կքննարկեն միջուկային խնդիրների, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի) 2231 բանաձևի հետ կապված տարբեր ասպեկտներ»,- ասել է դիվանագետը։

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելուց հետո Իրանի շուրջ լարվածությունը մեծացել է՝ կապված երկրի միջուկային ծրագրի հետ: Թրամփը պնդում է, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ձեռք բերել և պահանջում է, որ Թեհրանն ուղիղ բանակցություններ սկսի: Հակառակ դեպքում, Թրամփը սպառնում է ռմբակոծել Իրանը: Սակայն պաշտոնական Թեհրանը մերժում է ուղիղ բանակցելու պահանջը՝ փոխարենն առաջարկելով երրորդ երկրի միջոցով անուղղակի բանակցություններ: ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, անընդունելի է որակել Իրանին հարվածելու սպառնալիքները՝ կոչ անելով ընտրել բանակցելու տարբերակը և այս հարցում առաջարկելով իր օգնությունը: