«Հայկական ավիաուղիները» ապրիլի 7–ից դադարեցնում է թռիչքները. պարզաբանում

Մանրամասներ
ինքնաթիռ Հայկական ավիաուղիներ

«Հայկական ավիուղիներ» ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։

Նշվում է, որ նման որոշումը պայմանավորված է ինքնաթիռային պարկի թարմացմամբ և նոր օդանավերի ձեռքբերմամբ։

«Բոլոր այն ուղևորներին, որոնք ունեն ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական վերադարձի համար։ Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիուղիների» կայքից, ապա խնդրում ենք Ձեր հայտն ուղարկել help@armenianairlines.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ կցելով տոմսը և թողնելով հետադարձ կապի հեռախոսահամար»,– ասված է հաղորդագրությունում։

Ավիաընկերությունը նախատեսում է նոր օդանավեր ձեռք բերել, որպեսզի հնարավոր լինի նոր ու հետաքրքիր ուղղություններ բացահայտել։

Հիշեցնենք, որ ընկերությունը թռիչքները ժամանակավորապես դադարեցրել էր նաև 2024 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 20-ը։ Այդ ժամանակ պատճառն ինքնաթիռների տեխնիկական սպասարկումն էր։

Նշենք, որ «Հայկական ավիաուղիները» շահագործում է 2 օդանավ, որոնցից մեկը սպասարկում է դեպի ՌԴ քաղաքներ չվերթերը, իսկ մյուսը՝ վրացական ուղղությունը։

Ընկերությունը նաև բանակցություններ էր վարում հնդկական կողմի հետ և փետրվար-մարտ ամիսներից հնարավոր է` մեկնարկեին դեպի Դելի ուղիղ թռիչքները։

Ընթացիկ տարվա հունվարի 25-ին էլ հայտարարել էր դեպի Վոլգոգրադ նոր ուղղության մասին։