ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ճշտում է` արդյոք հայ արտահանողները կկարողանան ձուկ արտահանել ԵՄ երկրներ առանց կրկնակի հավաստագրման (միայն հայկական հավաստագրում ունենալով):
Վերջերս տեսչությունը տեղեկացրել էր, որ ԵՄ-ն թույլատրել է Հայաստանից ձկան ներկրումը այն արտադրողների համար, որոնք կգրանցվեն Եվրամիության TRACES տվյալների բազայում (կենդանական ծագման արտադրանքի ոլորտային բազա):
Տեսչությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, հայտնում է, որ դիմել է Եվրոպայի գործընկերներին, որպեսզի պարզի, թե TRACES համակարգում գրանցված արտահանողի համար միայն հայկական հավաստագրումը բավարար է արդյոք ապրանք մատակարարելու համար՝ առանց եվրոպական հավաստագրում անցնելու։
Հարցին, թե արդյոք ԵՄ տեսչական մարմինների ներկայացուցիչները կարող են Հայաստանի ձկնաբուծարաններ այցեր պահանջել, տեսչությունը պատասխանել է, որ նման այցեր հնարավոր են, եթե ԵՄ համապատասխան մարմինները նախապես դիմեն հայկական կողմին, ներկայացնեն այցի նպատակը և քննարկվող հարցերի շրջանակը:
Հիմնական ստուգումները պետք է իրականացնի հենց տեսչությունը, սակայն ԵՄ չափանիշների համաձայն՝ ստուգում անցած ընկերությունները պետք է հայտ ներկայացնեն TRACES համակարգում գրանցվելու համար։ Պայմաններից մեկն այն է, որ ձկան կերերը, որոնք օգտագործվում են ձկնաբուծության մեջ, չպետք է պարունակեն հակաբիոտիկներ և հորմոնալ հավելումներ:
Նշենք, որ նախկինում Հայաստանից ԵՄ երկրներ ձուկ չէր արտահանվում, սակայն այդ սահմանափակումը չէր վերաբերում խեցգետիններին, որոնք արդեն երկար տարիներ արտահանվում են Եվրամիություն։ Այնուամենայնիվ, այստեղ էլ արտահանման հիմնական շուկան Եվրասիական տնտեսական միությունն է։ 2024 թվականի առաջին կիսամյակում (վերջին հասանելի տվյալները) խեցգետնի արտահանման ծավալը կազմել է 1,9 մլն դոլարից մի փոքր շատ, որից 1,33 մլն դոլարը բաժին է ընկել ԵԱՏՄ երկրներին (մասնավորապես՝ Ռուսաստանին)։ Ընդ որում` 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանումը դեպի ԵՄ կրճատվել է մոտ 20%-ով, իսկ դեպի ԵԱՏՄ աճել է 75%-ով։ Հայկական ձկան արտահանման հիմնական շուկան շարունակում են մնալ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրները։
0Comments