Հայաստանը կարող է այլընտրանքային լոգիստիկ ճյուղ լինել Չինաստանի համար. Մասլով

Մանրամասներ
Հայաստան Չինաստան Մասլով

Նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում աշխարհի քարտեզի վրա կտրուկ աճում է գլոբալ լոգիստիկ հանգույցների դերը։ Հենց այդ ցանցը կարող է գերտերությունները կապել սպառողական շուկաների հետ։ Այս առումով ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Արևմուտքի և Արևելքի միջև գտնվող Հայաստանը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Վանեսքեհյանի հարցերին պատասխանում է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, արևելագետ և չինագետ Ալեքսեյ Մասլովը։

Կարևորը մասնագետներն են, որոնք կարող են հասկանալ չինական տնտեսության տրամաբանությունը

- Անզեն աչքով էլ երևում է, որ նոր՝ բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման գործընթացում աշխարհաքաղաքական քարտեզի վրա անշեղորեն աճում է Չինաստանի ազդեցությունը։ Ինչպե՞ս կարող է այդ գործընթացն ի վերջո արտահայտվել Հարավային Կովկասում և հենց Հայաստանում։

- Չինաստանը հսկայական ազդեցություն է ունենում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի վրա, բանակցում է բոլոր հարևանների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հետ։ Բնականաբար, ակտիվ աշխատում է Իրանի հետ... Այսինքն ՝ հասկանալի է, որ Չինաստանը փորձում է այստեղ ստեղծել իր ներկայության պլացդարմը։ Իրականում ամեն ինչ դեռ նոր է սկսվում: Մեզ թվում է, որ Չինաստանն արդեն այստեղ է, չինական ապրանքների հսկայական տեսականի կա։ Սակայն իրականում դեռևս չի եղել իրական, լուրջ «հարձակում» տարածաշրջանի վրա։

Մենք գիտենք, որ Չինաստանն ունի «Գոտի և ճանապարհ» գլոբալ նախագիծ և դրա «Մետաքսի նոր ճանապարհ» ենթաբաժին, որն ուղղակիորեն առնչվում է Հայաստանին: Չինաստանը, իր սովորության համաձայն, աստիճանաբար, կամաց-կամաց է մոտենում Հայաստանին։ Եվ դա իսկապես հարց է. շատ քաղաքագետ-փորձագետներ և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում տարբեր կարծիքներ ունեն այն մասին, թե որքանով է դա ձեռնտու տարածաշրջանի ու հենց Հայաստանի համար։

Մի կողմից ամեն ինչ շատ պարզ է թվում՝ Չինաստանը ներդրումներ է կատարում, ճանապարհներ է կառուցում… Ի՞նչն է այստեղ վատ: Հայաստանում չինական ֆինանսավորմամբ կառուցված երկու դպրոց կա՝ հրաշալի է ։ Չինաստանը ֆինանսավորում է որոշակի լոգիստիկ կառույցներ, պահեստային տարածքներ, զարգացնում է առևտուրը։ Թվում է, թե նորմալ ֆինանսա-ներդրումային գործունեություն է։ Բայց այս ամենին պետք է այլ տեսանկյունից նայել։

Իրականում Չինաստանը երբեք այս կամ այն տարածաշրջան չի մտնում քանդելու համար. դրանք ընդամենն ասեկոսեներ են, թե Չինաստանը կգա, կկործանի ամբողջ տնտեսությունը, կկլանի այն… Խնդիրն այլ է. պարզապես երբեմն Չինաստանն այնպիսի գումար է ներդնում, որ տեղական տնտեսությունները պարզապես չեն կարողանում գլուխ հանել դրանից։

Չէ՞ որ դրանք ներդրումներ են, նվեր չեն: Դրանք պետք է օգտագործվեն, դրանց հետ պետք է աշխատել... եթե վարկեր են, ապա դրանք պետք է վերադարձվեն: Այս առումով Հայաստանի հետ կապված իրավիճակը ոչ թե վատ է, այլ բարդ։ Եվ հիմնական խնդիրներից մեկն այն է, որ չինական տնտեսության հետ աշխատելու համար իսկապես համապատասխան փորձագետներ, մասնագետներ չկան։

Երբ վերլուծում ենք պետությունների՝ «պարտքային ծուղակում» հայտնվելու իրավիճակներն ու դեպքերը, տեսնում ենք, որ այդպիսիք եղել են ոչ թե այն պատճառով, որ Չինաստանը նպատակաուղղված նրանց այնտեղ էր մղում, այլ որ չեն եղել փորձագետներ, ներդրումային համագործակցության մասնագետներ։ Առաջին հերթին, ուրեմն, անհրաժեշտ է պատրաստել հենց այդպիսի մասնագետներ։

Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու համար Չինաստանին գործիքակազմ պե՞տք է

- Դա տնտեսական ենթատեքստն է, այդտեղ ամեն ինչ հասկանալի է։ Իսկ եթե փոխենք մեկնաբանության տեսանկյունը և ուշադրություն դարձնենք փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի՞ն։

- Պատմականորեն այնպես է ստացվել, որ Չինաստանը երբեք էլ ուշադրություն չի դարձնում, թե ինչպիսի կառավարություն, ինչ դավանանք է իշխում տվյալ երկրում կամ տարածաշրջանում: Կարևորն այն է, որ լինի երաշխավորված կայունություն, որովհետև բոլորն էլ հասկանում են՝ եթե կա կայունություն, ապա կա նաև առևտուր։ Չինաստանը հիմնվում է բացառապես առևտրի վրա։

Ուստի չպետք է զարմանալ, որ այն միշտ պատրաստ է հանդես գալ որպես հակամարտություններ կարգավորող և շատ է նեղանում, երբ իրեն «հանում են խաղից»` ասելով` ի՞նչ կապ ունի հեռու մի տեղ գտնվող Չինաստանը, մենք այստեղ մեր պատմական խնդիրներն ունենք։

Բայց պատահում է (և շատ հաճախ), որ կողմնակի, արտաքին դիտորդի ներկայությունը, որը շահագրգռված է միայն հենց այդ կայունության մեջ, և ոչ թե այն հարցում, թե ով է անմեղ և ով մեղավոր, շատ ավելի արդյունավետ է լինում: Եվ այդ իմաստով Չինաստանը շուտով կսկսի շատ ավելի ակտիվ լինել Հարավային Կովկասում, քան մինչ այս էր։

Ու՞մ է նա այստեղ բախվելու։ Ո՞վ է այս առումով Չինաստանի հիմնական մրցակիցը: Այո՛, իր ներկայիս գլխավոր դաշնակիցներից մեկը՝ Թուրքիան։ Չէ՞ որ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասն այն տարածաշրջանն է, որն ինքը պետք է վերահսկի։ Իսկ Չինաստանին ամենևին պետք չէ, որ ինչ-որ մեկը վերահսկի իրեն և մեխեր դնի իր անիվների տակ։ Չինացիներն այս առումով արդեն մրցակից ունեն՝ Միացյալ Նահանգները…

Ահա և ստացվում է, որ մի կողմից Չինաստանը Թուրքիայի հետ ունի միանգամայն հուսալի հարաբերություններ (առևտրի, լոգիստիկայի առումով), մյուս կողմից էլ ամենևին չի ցանկանում Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցության ուժեղացումը։

Բեռների անվտանգությունը, արագությունը, փոխադրման արժեքը և հագեցվածությունը

- Ի դեպ, լոգիստիկայի մասին: Այն նոր` համաշխարհայինի մասին, որը հիմա ձևավորվում է մեր աչքի առաջ։ Այս առումով ինչի՞ վրա կարող է հույս դնել նույն Հարավային Կովկասը, Հայաստանը։

- Դա հասկանալու համար պետք է դիտարկել երեք գործոն, կարելի է ասել՝ երեք ամենահասարակ միտում, որոնցից էլ ելնում է Չինաստանն իր նախագծերում։ Առաջինը տրանսպորտի անվտանգությունն է, ռիսկային գոտիների բացակայությունը։ Լինում են դեպքեր, երբ շատ մեծ գումարներ են ներդրվում, իսկ հետո որոշակի իրադարձություններով պայմանավորված՝ այդ գումարները կորչում են։ Ուկրաինան ձեզ օրինակ։

Երկրորդ գործոնը փոխադրումների արագությունն ու արժեքն է։ Տվյալ դեպքում Հայաստանը, չնայած իր հատուկ աշխարհագրական դիրքին ու ռելիեֆին (լեռներում երկաթուղի կառուցելն ավելի թանկ է, քան հարթավայրերում), բավականին հեռանկարային երկիր է Չինաստանի համար։

Եվ երրորդը բեռները լցնելու հնարավորությունն է։ Ի վերջո բոլորը կարող են թվարկել, թե հիմա Չինաստանից ինչ է արտահանվում ամբողջ աշխարհ, և այդ ցանկը բավականին երկար կլինի: Իսկ ահա այն, թե ինչ կարող է ներմուծվել աշխարհի տարբեր տարածաշրջաններից Չինաստան՝ մեծ խնդիր է գրեթե բոլորի համար: Գնացքները հո չե՞ն կարող դատարկ վերադառնալ:

Այժմ Չինաստանից հիմնական երթուղիներն անցնում են Կենտրոնական Ասիայով, Ադրբեջանով, Թուրքիայով... և այնտեղից արդեն կա՛մ նավերով, կա՛մ նորից երկաթուղով՝ դեպի Եվրոպա։ Բայց Չինաստանը երբեք չի ցանկանա ունենալ միայն մեկ` այլընտրանք չունեցող ճյուղ։ Անվտանգությունն առաջին տեղում է…

Այս առումով Հայաստանը դժվար թե կարողանա մրցել ադրբեջանա-վրացա-թուրքական նախագծի հետ. այնտեղ մեծ գումարներ են ներդրվել։ Իսկ ահա անվտանգության տեսանկյունից ևս մեկ այլընտրանքային գիծ առաջարկել կարող է։

Պետք է պայմանավորվել…