Ինտերնետային առևտրով զբաղվող Wildberries ընկերության ծառայություններից օգտվողները Ռուսաստանում բախվում են խարդախ սխեմաների․ նրանց բանկային քարտերից և ընթացիկ հաշիվներից գումար է հանվում շուկայում կեղծ գնումների անվան տակ, տեղեկացնում է ռուսական «Известия» թերթը։
Խարդախության նման սխեմայի զոհ դարձած քաղաքացիներից մեկը 195 000 ռուբլի է կորցրել։ Չարագործները գումարը նրա բանկային քարտից հանել են բազմաթիվ փոքր գործարքների միջոցով։
Ինչ է իրականում կատարվել
Թերթի տեղեկություններով՝ տուժող կինն ասել է, որ այս տարվա օգոստոսից ի վեր գնումներ չի կատարել։ Սակայն մի օր նկատել է, որ իր քարտից յուրաքանչյուր րոպեն մեկ 1000 ռուբլի է գանձվում և փոխանցվում wildberries Podol'sk անունով մի ֆիկտիվ վաճառողի հաշվին:
Այնուհետև կինը կապվել է բանկի հետ և արգելափակել քարտը։ Բանկում ասել են, որ գործարքները հաստատված են եղել, թեև տուժողը պնդել է, որ ինքը որևէ գործարք չի հաստատել։
Ստեղծված իրավիճակում Wildberries-ի աջակցության ծառայությունը նույնպես չի կարողացել օգնել տուժողին: Վերջինս ասել է, որ տեսել է, թե ինչպես է մեկ այլ օգտատեր վաճառքով զբաղվողների ընդհանուր չատում բողոքում նույն խնդրից։
«Ես ստիպված էի օգտագործել իմ կապերը ինչ-որ պատասխան ստանալու համար: Շուկայից մի աղջիկ ինձ պատասխանեց, որ նման իրավիճակներ լինում են։ Ամեն ինչում, իբր, մեղավոր են խաբեբաները, որոնք հասանելիություն են ստանում քարտին և հետո սկսում են գումար հանել։ Խնդիրը կարող է լուծվել միայն ոստիկանության միջոցով, շուկան պատասխանատու չէ»,- հավելել է տուժողը։
Թերթի աղբյուրը ենթադրել է, որ տուժողը խարդախների զոհ է դարձել։ Նրանք գողացել են կնոջ բանկային քարտի տվյալները, քարտը կցել Wildberries-ի նրա հաշվին և կեղծ վճարումներ կատարել մեկ այլ ընկերության, որի անունից տպավորություն է ստեղծվում, թե դա շուկա է։
Wildberries-ը չի հավատում տուժողի ասածներին
Wildberries-ն իր հերթին հայտարարել է, թե չի հավատում տուժողի ասածներին՝ նշելով, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ գործարքը արտոնված է եղել տվյալ օգտատիրոջ կողմից։
«Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե Wildberries-ի օգտատերերը բախվել են խարդախ գործողությունների: Մենք ներքին ստուգում ենք անցկացրել. օգտատիրոջ բանկային քարտը կցված է եղել 3D-Secure համակարգի և SMS հաղորդագրությունների հաստատման եղանակով: Այսպիսով, մեր տվյալներով, գործարքը արտոնված է եղել օգտատիրոջ կողմից»- ասվում է ընկերության պարզաբանման մեջ։
Wildberries-ից այլ դժգոհություններ կան
Վերջին շրջանում Wildberries-ը հաճախ է հայտնվում սկանդալների կիզակետում։ Հոկտեմբերի 24-ին այս ծառայության միջոցով վաճառքով զբաղվողները հայտարարեցին, որ գումարի ակնթարթային դուրսբերման նոր ծառայության պատճառով չեն կարողանում գումար հանել հարթակից: Նույն ամսին Wildberries-ը, վկայակոչելով հաճախորդների ցանկությունը, եռապատկեց նոր վաճառողներից գանձվող չվերադարձվող «երաշխիքային վճարը» մինչև 30,000 ռուբլի: Բացի դրանից, վաճառողները դժգոհում են, որ ընկերությունը կարող է տուգանել իրենց՝ չմանրամասնելով տուգանքի պատճառները։
Դժգոհության մեկ այլ պատճառ է դարձել խոշոր ծավալ ունեցող ապրանքների վերադարձի համար 1000 ռուբլի միջնորդավճարի ներդրումը։ Նաև այս տարվա հունիսին Wildberries-ի վաճառողները սկսեցին հայտնել, որ այլ իրավաբանական անձանց պարտքերի դուրսգրման ժամանակ իրենց հաշիվներից գումար է պահվում։ Պարզվել է, որ խոսքը երրորդ կողմի հարկ վճարողի հաշվառման համարից (ՀՎՀՀ) վաճառողի ՀՎՀՀ-ին «պարտք փոխանցելու» մասին է։ Վաճառողներից մեկը այսպիսի գործարքի հետևանքով 1 միլիոն ռուբլի է կորցրել: Հարյուր հազարավոր ռուբլի կորուստների մասին հայտնել են նաև այլ քաղաքացիներ։
0Comments