Թուրքիան պետք է ավելի խորը մտածի իր քաղաքականության հետևանքների մասին․ Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
իրան

Իրանը կործանարար է անվանել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։ Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված իր հարցազրույցը, որտեղ նա ասում էր, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:

Ֆիդանը ակնարկում էր սիրիական հակամարտությունում ներգրավված իրանամետ վստահված խմբերին, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։

Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «որոշ թուրք գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովրդի շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։

Բաղայը նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին՝ Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ կիսում է մի շարք ընդհանուր շահեր։