Թուրքիայի ռեգիոնալ ամբիցիաներն աճել են՝ Սյունիքով կապը նրա համար դառնում է կենսական. Աբրահամյան

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

«Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը եղել և մնում է Հայաստանի  դեմ ճնշման նոր հնարավարություն ստեղծելը կամ ինչպես ադրբեջանական ոչ  պաշտոնական խոսափողներն են արձանագրում, Հայաստանի դեմ  լեգիտիմ պատերազմի հիմք ստեղծելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝  խոսելով Բաքվում  հայ գերիների «կեղծ դատավարության մասին»։

Նա նշեց, որ իր համար ակնհայտ է՝  պատրաստում են որոշակի «իրավական քեյսեր», որպեսզի հետագայում  բանակցային գործընթացում  որպես լրացուցիչ ճնշում օգտագործվի ՀՀ դեմ։

«Ի սկզբանե պարզ էր՝ այսօրվա կեղծ դատավարության ընթացքում ակնհայտ է դառնում, որ կառուցում են մի մոտեցում, որը եղել է  ադրբեջանական քարոզչական տարբեր տարիների հիմքում առ այն, որ Հայաստանն ագրեսոր է, Հայաստանը տարածքային վեճ է  հրահրել Ադրբեջանի դեմ, Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները և այլն, փորձում են  ճնշումների, սպառնալիքների միջոցով ստանալ սրա հետ կապված փաթեթավորումներ՝ ցուցմունքների ձևով»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ պետք է արվի Հայաստանի իշխանության կողմից գերիների ազատ արձակման համար, Տ.Աբրահամյանն ասաց. «Իմ մոտ տպավորություն կա՝ այն հարցի պատասխանը, որը չունի իշխանությունը կամ բոլոր այն դեպքերում, որտեղ բացահայտ անգործություն է դրսևորում,  իշխանությունը փորձում է  քողարկել այսպես կոչված  գաղտնիության շղարշի ներքո՝ «դե մենք բանակցում ենք, պրոցեսի մեջ ենք, հրապարակման ենթակա չէ»։

Օրինակ, նույնը բանակցությունների մասին։ Տեսնում ենք, ինչ-որ իրենց պետք է, հանրայանացնում են, ինչ-որ պետք է, դրա մասին խոսում են՝ անկախ ռազմական  կամ անվտանգային տեսանկյունից ինչ խնդիր է իր մեջ առաջացնում,  բայց որտեղ կան հարցեր, երբ պետք է ավելի բովանդակային պատասխաններ հնչել, գոյություն չունի»։

Հարցին, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները  վախենում են, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը գիտի  բաներ, որոնք  կարող են դառնալ հանրային, Տ.Աբրահամյանն ասաց. «Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ բունկերում շփում չեն ունեցել, քննարկում չի եղել։ Ավելին՝ Բակո Սահկայանը,  Արկադի Ղուկասյանը, շատ գեներալներ, որոնք այդ պահին ծառայության մեջ չեն եղել, ոչ միայն  բունկերային քննարկման մեջ չեն եղել, առհասարակ որևէ պրոցեսի մեջ չեն եղել։ Չեմ կարծում՝ այդ մասով խնդիր կա»։