Սպիտակ տունը թույլ է տվել ավիահարվածներ հասցնել ահաբեկիչներին առանց հավանության. Military Times

Մանրամասներ
կործանիչ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է նոր կանոնները, որոնք թույլ են տալիս բարձրաստիճան զինվորականներին առանց Սպիտակ տան թույլտվության որոշում կայացնել օդային հարվածներ հասցնել այն թիրախներին, որոնք պաշտոնապես համարվում են ահաբեկչական: Այս մասին հայտնել է Military Times պորտալը՝ հղում կատարելով Պենտագոնի անանուն պաշտոնյային։

Նրա խոսքով՝ որոշումների կայացման հարցում զինված ուժերի լիազորությունների եւ ինքնավարության ընդլայնումն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ինչպես նշել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, որը ցանկացել է անանուն մնալ, ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «խիստ» սահմանափակել էր ռազմական հրամանատարության գործողությունների ազատությունը, ինչը հանգեցրել է ահաբեկչական սպառնալիքներին դանդաղ արձագանքելուն։

Պորտալը նշել է, որ ԱՄՆ օդային հարվածների սահմանափակումների թուլացումը տեղի է ունենում Մեքսիկայի հետ սահման ամերիկյան զորքեր ուղարկելու եւ ահաբեկչության դեմ պայքարում Թրամփի վարչակազմի ջանքերի ընդհանուր ակտիվացման ֆոնին։ Մի շարք թմրակարտելների ճանաչումն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություններ՝ զուգորդված նոր կանոններով, ռազմական հրամանատարությանը թույլ է տալիս հարվածներ հասցնել նրանց՝ որոշումների կայացման պարզեցված ընթացակարգի շրջանակում, պարզաբանել է պորտալի զրուցակիցը։

Պենտագոնն այս նորամուծությունների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել։ Ի պատասխան Military Times-ի համապատասխան հարցման՝ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը վկայակոչել է պաշտպանության վարչության ղեկավար Փիտ Հեգսեթի՝ X-ի մեկնաբանությունը, որը գրված է ի պատասխան CBS News հեռուստաընկեության Թրամփի վարչակազմի կողմից օդային հարվածների եւ հատուկ գործողությունների կանոնները մեղմացնելու մասին հրապարակման։