ԱՄՆ-ն պայման է դրել Զելենսկու առաջ

Մանրամասներ
Թրամփ Զելենսկի Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բաց է բնական ռեսուրսների վերաբերյալ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունները վերսկսելու համար, բայց միայն այն դեպքում, եթե վերջինս վերանայի իր դիրքորոշումը, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։

«Մենք պետք է Զելենսկուց լսենք, որ նա զղջում է տեղի ունեցածի համար և պատրաստ է ստորագրել հանքային գործարքն ու մասնակցել խաղաղության բանակցություններին: Դա այնքան էլ մեծ խնդրանք չէ»,- ասել է նա Fox News-ի եթերում:

Ուոլցը նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ շարունակել անվերջ աջակցությունը Կիևին՝ առանց հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ իր հերթին ABC News-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերականգնել բնականոն հարաբերություններն Ուկրաինայի հետ, վերսկսել շփումները և «վերագործարկել» բանակցությունները։ Սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե Կիևը պատրաստ լինի խաղաղության:

Նրա խոսքով՝ պատերազմն ավարտելու միակ միջոցը Ռուսաստանին ստիպելն է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ դրանք սկսելու համար, ըստ Ռուբիոյի, «նպատակահարմար» չէ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին հակառակորդ և բռնապետ անվանելը։

ԱՄՆ պետքարտուղարը նաև վաղ է համարել անվտանգության երաշխիքների մասին խոսելը, որոնց Զելենսկին ցանկանում է հասնել, քանի դեռ բանակցություններ չեն կայացել: