Իրանը քննադատել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները

Մանրամասներ
Իսմայիլ Բաղայի

Իրանը ապակառուցողական է որակել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունները՝ կապված Սիրիայում Թեհրանի քաղաքականության հետ։

Քննադատության պատճառ է դարձել Al Jazeera-ին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել է, որ Իրանը հսկայական ռեսուրսներ է ծախսել «տարածաշրջանում իր նվաճումների համար»:

Ֆիդանը ակնարկել է իրանամետ պրոքսի խմբերի մասին, որոնք մասնակցում էին սիրիական հակամարտությանը, այդ թվում՝ Անկարայի կողմից աջակցվող զինյալների դեմ: Նա ընդգծել է, որ «հին սխալները չպետք է կրկնվեն»։

Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային արձագանքել է այս հայտարարություններին՝ նշելով, որ «թուրք որոշ գործընկերներ պետք է ավելի խորը մտածեն իրենց քաղաքականության հետևանքների մասին»։ Թեհրանը կարծում է, որ տարածաշրջանի երկրների առաջնահերթությունը պետք է լինի իրենց ժողովուրդների շահերից բխող անվտանգության համակարգի ստեղծումը։

Բաղային նաև ընդգծել է, որ չնայած առկա տարաձայնություններին, Իրանը մեծ նշանակություն է տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին և Անկարայի հետ մի շարք ընդհանուր շահեր ունի։