Իսրայելի և ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի միջև լարվածությունը հարավային Լիբանանում շարունակում է սրվել, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել UNIFIL-ի (Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1978 թվականի մարտի 19-ի թիվ 425 բանաձևի) զինվորներին դուրս բերել մարտական տարածքներից: Այս մասին հայտնում է timesofisrael.com-ը:
Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ նա ասել է.«Ժամանակն է, որ դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական գործողությունների տարածքներից: Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և ստացել մերժումներ, որոնց նպատակն է «Հեզբոլլահ»-ի ահաբեկիչներին կենդանի վահան ապահովելը: Պարոն գլխավոր քարտուղար, UNIFIL-ի ուժերին հեռացրե՛ք վտանգից։ Դա պետք է արվի հենց հիմա, անհապաղ: UNIFIL-ի զինվորներին տարհանելուց ձեր հրաժարումը նրանց դարձնում է «Հեզբոլլահ»-ի պատանդ»։
Նշենք, որ Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ են ստացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ներկայացուցիչները:
Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը: Ստորագրած երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությանը՝ հարավային Լիբանանում կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Լեհաստանի նախաձեռնած համատեղ հայտարարության մեջ դատապարտվել են խաղաղապահների վրա հարձակումների միջադեպերը և նշվել, որ նման գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն և համարժեք հետաքննվեն:
ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դո՛ւրս բերեք Լիբանանից. Նեթանյահուի պահանջը՝ Գուտերեշին
Մանրամասներ
![Նեթանյահու Գուտերեշ](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-10/%D5%84%D4%B1%D4%BF-%D5%AB%20%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6%20%D5%A1%D5%B6%D5%B0%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B2%20%D5%A4%D5%B8%D5%9B%D6%82%D6%80%D5%BD%20%D5%A2%D5%A5%D6%80%D5%A5%D6%84%20%D4%BC%D5%AB%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AB%D6%81.%20%D5%86%D5%A5%D5%A9%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%AB%20%D5%BA%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A8%D5%9D%20%D4%B3%D5%B8%D6%82%D5%BF%D5%A5%D6%80%D5%A5%D5%B7%D5%AB%D5%B6.jpg?itok=nLaL3-59)
0Comments