Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն պաղեստինցիներին առաջարկել է սեփական պետությունը ստեղծել ոչ թե իրենց հայրենիքում, այլ Սաուդյան Արաբիայում։
«Սաուդցիները կարող են Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծել։ Նրանք շատ հող ունեն», - հայտարարել է Նաթանյահուն հինգշաբթի օրը իսրայելական 14-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք պաղեստինյան պետության ստեղծումն անհրաժեշտ է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նա կտրականապես մերժել է այդ գաղափարը՝ այն անվանելով «անվտանգության սպառնալիք Իսրայելի համար»։
«Հոկտեմբերի 7-ից հետո՞։ Գիտե՞ք, թե դա ինչ է։ Կար պաղեստինյան պետություն, այն կոչվում էր Գազա։ «ՀԱՄԱՍ-ի գլխավորած Գազան պաղեստինյան պետություն էր, և տեսեք, թե ինչ ստացանք»,- հայտարարել է նա՝ հերթական անգամ բացառելով պաղեստինյան պետության ստեղծման հնարավորությունը։
Նաթանյահուն նաև հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին՝ կանխատեսելով, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի։
«Կարծում եմ, որ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, ըստ իս, դա տեղի կունենա»,- ասել է նա։
Ինչպես հաղորդում է Middle East Eye-ը, սաուդյան շուրայի խորհրդի ազդեցիկ անդամ Յուսեֆ բին Թրադ Ալ-Սաադունը ծաղրել է Սաուդյան Արաբիայում պաղեստինյան պետություն ստեղծելու Նաթանյահուի առաջարկը՝ փոխարենը առաջարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իսրայելցիներին տեղավորել Ալյասկայում, իսկ հետո՝ Գրենլանդիայում՝ «դրա բռնակցումից հետո»։
Սաուդյան Okaz թերթում ուրբաթ հրապարակված հոդվածում Ալ-Սաադունը քննադատել է Թրամփի մոտեցումը Մերձավոր Արևելքի քաղաքականության հարցում՝ պնդելով, որ անխոհեմ որոշումները բխում են փորձագետների խորհուրդներն անտեսելուց և երկխոսությունից հրաժարվելուց: Նա նախազգուշացրել է, որ «սիոնիստներն ու նրանց դաշնակիցները» չեն կարողանա մանիպուլյացիայի ենթարկել Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը լրատվամիջոցների ճնշման ու քաղաքական մանևրների միջոցով:
0Comments