ԱՄՆ-ին չի կարելի վստահել․ Իրանի ԱԳ նախարար

Մանրամասներ
արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է չվստահել ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ Թեհրանը չի բանակցի ճնշման տակ, գրում է Mehr-ը։

Արաղչին ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան խելամտորեն՝ զգուշացնելով, որ Իրանը թույլ չի տա կրկնել ԱՄՆ-ի կողմից JCPOA-ի (Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր) չկատարումը:

Իրանի արտգործնախարարն ընդգծել է ներկայիս աշխարհաքաղաքական լանդշաֆտի հստակ ըմբռնման անհրաժեշտությունը:

«Մեր ժողովրդի նկատմամբ կիրառվող անարդար պատժամիջոցները լուրջ խոչընդոտ են հանդիսանում Իրանի տնտեսական զարգացման համար»,- ասել է Արաղչին։

Նա ներկայացրել է այս պատժամիջոցների դեմ պայքարի երկու հիմնական ռազմավարություն, այն է՝ բանակցությունների անցկացում  և փոխգործակցում միջազգային գործընկերների հետ՝ դրանք վերացնելու նպատակով և դրանց ազդեցությունը չեզոքացնելու համար՝ սեփական ուժերին և ներքին նախաձեռնություններին ապավինելը, որը նա համարում է ամենաառաջնայինը:

Արաղչին ընդգծել է, որ Իրանը պետք է հիասթափեցնի պատժամիջոցներ կիրառող կողմերին՝ պատժամիջոցների չեզոքացումն անվանելով ազգային պարտականություն։

Իրանի արտգործնախարարն ասել է, որ պատժամիջոցների վերացումը պահանջում է բանակցություններ, սակայն ոչ առավելագույն ճնշման քաղաքականություն։

«Թույլ դիրքերից բանակցելը իրական բանակցություն չէ, դա կապիտուլյացիա է։ Մենք երբեք նման պայմաններում չենք բանակցի»,- շեշտել է նա։

Արաղչին կրկնել է, որ Իրանը երբեք չի հրաժարվել բանակցություններից, սակայն JCPOA-ի փորձն ապացուցել է, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել՝ հավելելով, որ Իրանը չի բանակցի մի երկրի հետ, որը նոր պատժամիջոցներ է սահմանում բանակցությունների սեղանի շուրջ նստած։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The New York Post-ին տված հարցազրույցում ասել էր, որ կգերադասեր Իրանի հետ միջուկային համաձայնագիրը «դժոխային ռմբակոծություններից»։

Սակայն մինչ այդ նա որոշել էր վերսկսել Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման քաղաքականությունը»։