Թեհրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը. ՌԴ–ում Իրանի դեսպան

Մանրամասներ
Քազեմ Ջալալի

Իրանը հաստատել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը, հայտնել է Մոսկվայում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին:

«Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի հետ հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես հայտարարել է համաձայնագրի հաստատման մասին»,-ասված է ՌԴ-ում Իրանի դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը վավերացրել էր համաձայնագիրը, ինչից հետո պայմանագիրն ուղարկվել էր Սահմանադրության պահապանների խորհրդի հաստատմանը: Մարտի 2-ին այդ վերահսկող մարմնի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը հայտնել էր պայմանագրի հաստատման մասին՝ նշելով, որ այն չի հակասում Սահմանադրությանը:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: