ԱՄՆ ներկայացուցիչներն այս պահին Ռուսաստանի ճանապարհին են. Թրամփ

Մանրամասներ
թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այս պահին Ռուսաստանի ճանապարհին են։ Այս մասին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ,  հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը փաստել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա:

«Դրան դեռ չի հասել»,-Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին նախկինում չէր ցանկանում Ուկրաինայում խաղաղություն հաստատել, սակայն այժմ համաձայնել է։ «Այժմ նա համաձայնել է խաղաղության, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ սպասում է անհապաղ հրադադարի առաջարկին ՌԴ-ի համաձայնությանը, արդեն Մոսկվա է մեկնել ամերիկյան պատվիրակությունը:

Թրամփն ասել է, որ ուկրաինական կարգավորման համատեքստում քննարկվել է ոչ միայն հրադադարի, այլև տարածքային հարցը։

«Մենք քննարկել ենք նաև հողային և այլ հարցեր, որոնք կապված են սրա հետ... Մենք մանրամասն քննարկել ենք, թե ինչից պետք է հրաժարվել, քանի որ չենք ուզում ժամանակ կորցնել»,- ասել է նա։

Նախօրեին կայացել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, որոնց արդյունքում ամերիկյան վարչակազմը կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որում նշվում է, որ Ուկրաինան պատրաստ է 30 օրով հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկին, այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ: Փաստաթղթում նաև ասվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես չեղարկում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերականգնում է ռազմական մատակարարումներն Ուկրաինային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է լիակատար հրադադարի, այժմ Վաշինգտոնը սպասում է Մոսկվայի արձագանքին: