Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը պահանջում է Բաքվին հանձնել արցախյան պատերազմներին մասնակցած նախկին նախագահներին եւ բարձրաստիճան զինվորականների, բայց այս ցանկը կարող է ընդլայնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Արա Ղազարյանը:
«Ադրբեջանը կարող է ցանկն ընդլայնել, քանի որ դա ուղղակի հռետորաբանություն է՝ շատ լավ իմանալով հանդերձ, որ Հայաստանը իր քաղաքացիներին չի հանձնում եւ երկրորդ, շատ լավ իմանալով, որ միջազգային իրավունքում ոչ մի պետություն ոչ իր երկրի քաղաքացուն, ոչ այլ երկրի քաղաքացուն չի հանձնի, եթե կան հիմքեր կասկածելու, որ ընդունող պետությունում այդ քաղաքացիները կենթարկվեն խոշտանգումների կամ էլ արդարադատության ի սպառ բացակայությամբ նրանց հանդեպ կարող են իրականացնել քրեական հետապնդում»,-ասաց նա:
Իրավաբանը նշում է, որ Ադրբեջանը ավտորիտար երկիր է եւ ոչ միայն Հայաստանը, այլ որեւէ այլ պետություն ամենայն հավանականությամբ Հայաստանի քաղաքացուն ոչ մի դեպքում Ադրբեջանին չի հանձնի՝ ելնելով այդ սկզբունքներից:
Արա Ղազարյանը նշում է, որ Ադրբեջանը քաղաքական հետապնդման է ենթարկում եւ այս հիմքով էլ պահանջում է 2-րդ եւ 3-րդ նախագահներին հանձնել Բաքվին:
«Ամենայն հավանականությամբ դա դիտարկվելու է որպես քաղաքական հետանպնդում, դեռ չհաշված այն հիմքը, որ ՀՀ Սահմնադրությունը արգելում է նրանց արտահանձնել»,-ասաց նա:
0Comments