Կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները. Սերժ Սարգսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

«Մենք անցել ենք և՛ իշխանություն ունենալու, և՛ ընդդիմություն լինելու փորձությունը՝ ի հեճուկս Հանրապետականին Հայաստանի քաղաքական դաշտից վերացնելու սին պատրանքներ ունեցողների, կուսակցության դեմ ամենակեղտոտ մեթոդներով գործողների և նրանց հովանավորների»: Այս մասին ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական նիստում:

«Այսօր ժամանակն է ոչ միայն հարցնելու ինքներս մեզ, թե ինչո՞ւ ենք ընտրել Հանրապետական կուսակցությունը անցյալում, այլ թե ինչի՞ ենք պատրաստ Հայաստանի ներկայի և ապագայի համար։ Այս հարցի պատասխանը կորոշի, թե արդյոք մեր կուսակցության ստեղծման 40-րդ կամ 50-րդ տարեդարձը կնշվի ինքնիշխան հայկական պետությունում, թե՞ մեր պետության հետ միասին պարզապես կհիշվի պատմության էջերում։

Այս ընթացքում մենք, ցավոք, անցանք ևս մի մեծ ողբերգության միջով՝ արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման՝ բռնի տեղահանվեց, և Արցախն ամբողջությամբ հանձնվեց թշնամուն՝ ի չիք դարձնելով վերջին երեք տասնամյակում հայ ժողովրդի հսկայական ջանքերն ու զոհողությունները: Այս ամենին՝ իր պատճառներով և հետևանքներով հանդերձ, մենք անդրադարձել ենք կուսակցության Գործադիր մարմնի հայտարարություններում, նաև մեր հարցազրույցների, ելույթների ժամանակ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրյա հարթակներում, հնչեցրել ենք հիմնավոր գնահատականներ և ներկայացրել առաջարկություններ: Ընդգծել ենք, որ ճգնաժամային իրավիճակները պահանջում են դրանց հաղթահարման համապատասխան լուծումներ, և, բնականաբար, նման իրավիճակում պատկերացնել, որ հայ ժողովրդի համար գոյաբանական նշանակության խնդիրներում երկխոսությունը պիտի իրականացվի լեգիտիմությունը կորցրած իշխանության հետ, առավել քան անընդունելի է, ավելին՝ նման գործելաոճը որևէ դրական արդյունքի չի հասցնի: Դիմել ենք հայաստանյան հանրությանը, արցախահայությանը, սփյուռքին, Հայաստանի դաշնակիցներին և գործընկերներին՝ կոչ անելով լրջորեն գնահատել իրավիճակը, դրանից բխող հետևանքները և մեկնարկել համախմբված քննարկումների և գործողությունների շարք՝ աղետալի ընթացքը դադարեցնելու նպատակով: Միջազգային գործընկերներին կոչ ենք արել առաջնորդվել արցախահայության իրավունքների վերաբերյալ նախկինում արված իրենց հայտարարություններով, իրավիճակին ադեկվատ, ժամանակին, հասցեական և գործնական միջոցներով քայլեր ձեռնարկել՝ կասեցնելու Ադրբեջանի հանցավոր գործելաոճը, կանխելու հերթական ողբերգությունը, Ադրբեջանին բերելու երկխոսության դաշտ՝ քննարկելու համար միջազգային երաշխիքների ներքո արցախահայության՝ սեփական բնօրրան վերադարձի հարցերը:

Մենք այդ աղետից հետո մեր ողջ ուժերով ու հնարավորություններով լծվել ենք Հայաստանի կառավարիչների կողմից անտերության մատնված արցախահայության ամենատարբեր խնդիրների լուծմանը, որը, բնականաբար, ոչ մի կերպ չի կարող համեմատելի լինել պետական մակարդակով հաստատված, համակարգված, երկարաժամկետ աջակցության ծրագրերի հետ, ինչն այդպես էլ չարվեց՝ պատճառ դառնալով մեր բազմաթիվ հայրենակիցների արտագաղթին Հայաստանից: Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, Հայաստանի կառավարիչների անտարբերության և անգործության պայմաններում ամեն օր բախվում են բազմաթիվ խնդիրների՝ սոցիալական ծանր վիճակից սկսած մինչև իրավունքների պաշտպանություն:

Այսօր մեզ անխնա քննադատում, իսկ ավելի շատ՝ զրպարտում և մեզնից գործողություններ են պահանջում նաև նրանք, ովքեր մեծագույն հաճույքով մասնակցում էին մեր դեմ «դագաղների» ու «սև ժապավենների» խրախճանքին, պահանջում մեր հեռացումը, ցուցադրաբար ողջունում, ոմանք էլ թաքուն հրճվում մեր դեմ պետական ռեպրեսիվ մեքենայի կողմից իրականացվող ապօրինություններով: Նորից ու նորից միտումնավոր հրապարակ են նետում «դուք բերեցիք Նիկոլին» թեզը՝ մաքրելու համար իրենց ոչ հեռու անցյալը: Անցյալ, որը ոմանց համար միգուցե ազնիվ մոլորություն էր՝ իշխանության փոփոխությամբ իրենց կյանքում հրաշքների իրականացման ակնկալիքով, բայց ոմանց համար կանխամտածված գործողություն էր՝ սուտ խոստումներով իշխանությունը զավթելու նպատակի հետապնդմամբ: 

Եվ կարևոր չէ, թե այդ ոչ հեռավոր 2018-ին մոլորվածներն ու միտումնավոր գործողները ինչպես միմյանց օգտակար եղան անձամբ իմ և Հանրապետական կուսակցության, մեր շատ ընկերների դեմ թունավոր, 1937 թվականի մեթոդներով կեղտոտ արշավ իրականացնելու գործում:  Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար: «Թողեք, թող աշխատեն» թեզը միայն հիմա, չափազանց ուշացումով երկրի համար կործանարար համարողները այժմ էլ որդեգրել են «մեզնից մեզ պաշտպանեիք» թեզը, ասելով՝ մենք պահանջում էինք իշխանությունից հեռանալ, դուք էլ չլսեիք մեզ, թեկուզ մեզ հրապարակում կոտորելու գնով մնայիք իշխանության: Նրանք՝ նման բան ասողները, առնվազն ազնիվ չեն. և՛ ես, և՛ նրանք, և՛, իհարկե, դուք՝ այստեղ գտնվողներդ, շատ լավ գիտեք, թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդու կյանքից զրկելն ինչ անհնազանդության ալիք ու քաոս կառաջացներ երկրով մեկ, որքան կմեծացներ արտաքին վտանգի ռիսկերը, ինչպիսի դատապարտման տեքստեր կարտասանեին այսօր մեզ մեղադրողները, իսկ գրանտակեր մարդու իրավունքների բազում պաշտպաններն իրենց տերերի ցուցումով ինչ ջանասիրությամբ կլծվեին գործի: 

Մինչդեռ 2018-ից հետո նրանք՝ սորոսական և նույնանպատակ այլ կառույցները,  կուրացել ու խլացել են, ասես գետնի տակ անցել, քանի որ ցուցում չունեն գործելու: Ինչո՞ւ չունեն՝ դա արդեն մեկ այլ և ծավալուն թեմա է:

Մեզ մեղադրողներին միայն կասեմ հետևյալը՝ սեփական սխալն ընդունելը, առավել ևս՝ ուղղելը, անշուշտ, մեծ համարձակություն է պահանջում. շատ լավ հասկանում եք, որ յոթ տարի առաջ հրաժարականի պարտադրանքին ոգևորությամբ մասնակցելը կամ տոտալ անտարբերությունը ձեզ հանցակից է դարձնում այն ամենին, ինչ տեղի ունեցավ դրանից հետո: 

Ընդունել սեփական հանցակցությունը, ունենալ այդքան  ազնվություն խոստովանելու, որ ամեն մեկիդ մասնակցությունը հրապարակում թույլ է տվել իշխանազավթին օգտագործել ձեզ իր հեռահար նպատակի համար, չափազանց դժվար է, ինչ խոսք, իսկ, այ, ուրիշին մեղադրելը ամենահեշտն է: Ուրեմն ինչո՞ւ չգնալ հեշտ ճանապարհով: 

Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ, վերջին զարգացումները հաշվի առնելով, շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է:

Ցավոք, այս ճանապարհն են ընտրել նաև նրանք, ովքեր իշխանության հասնելու իրենց քայլերում հաջողության չունեցան, այդ թվում՝ պայքարի մեր երբեմնի գործընկերները, և պարզվում է՝ նրանց անհաջողության մեջ էլ մենք ենք մեղավոր: Ինձ համար պարզ է, թե ինչու են նրանք  այդպես վարվում կամ այդքան փութաջանորեն քողարկում 2018-ին իշխանազավթներին աջակցելու սեփական քայլերը, իսկ միգուցե, գալիք ընտրություններից առաջ, պարզապես փորձում են ընդդիմադիր ձայներ փախցնել:

Երբ Հայաստանի պետականակործան կառավարիչների դեմ պայքարում մենք՝ մեզ մերժողների հետ կողք կողքի կանգնում էինք հրապարակում, ենթարկվում բռնաճնշումների, փողոցում պայքարում բիրտ ուժի դեմ,  ունեինք այն բարձր գիտակցումը, որ այս իրավիճակում հիշաչարությունը, քինախնդրությունը չպետք է ավելի կարևոր լինեն, քան «խորտակման վտանգի ենթակա մեր ընդհանուր նավը» միասին անփորձանք ափ հասցնելը: Եվ այս գիտակցումը   երբեք չի լքել մեզ: Մինչդեռ նշածս շրջանակներից ոմանք նույնիսկ այսքանից հետո շարունակում են «Սերժ մերժել», քար նետել Հանրապետականի վրա։ Համաձայնեք, որ ստեղծված իրավիճակում դա այլևս ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ հոգեբանական ախտ, ինչպես Արմեն Աշոտյանը կասեր` պաթոլոգիա։ 

Ոմանք հիմա էլ 2018-ի իշխանազավթման մասին մի քանի տարի առաջ ասածս են քննարկում, թե՝ ես չեմ պարտվել սրանց, այլ պարտվել եմ  շատ ավելի մեծ ուժերի։ Ուզում են հասկանալ և իբրև թե  ոչ մի կերպ չեն հասկանում՝ այդ ի՞նչ ուժերի եմ պարտվել: Ցավով պետք է նշեմ, որ այն ամենից հետո ինչ բոլորիս աչքի առաջ կատարվում է մեր երկրում և այն արհավիրքը, որը տեղի ունեցավ  Արցախի հետ,  այդպես էլ չբացեց նրանց աչքերն ու միտքը, որպեսզի վերջապես գիտակցեն, որ այդ պայքարում պարտվեցինք ոչ  միայն ես  և մեր քաղաքական թիմը, այլ վերջնարդյունքում պարտվեցինք ազգովի:

Պարտվեցինք մեր տարածաշրջանում իրենց հաշվարկներն ու ծրագրերն ունեցող և ամեն կերպ դրանց իրագործմանը ձգտող ուժերին: Նրանց, ում ձեռնտու չէր այն կարմիր գիծը, որ մենք գծել էինք մեր ազգային շահի տեսանկյունից,  նրանց, ում պատկերացումները Հայաստանի և Արցախի մասին չեն համապատասխանում մեր պատկերացումներին։  Նրանք Հայաստանում գտան կարմիր գծեր չունեցող, իշխանության ու փողի համար ամեն ինչի պատրաստ ազգուրաց տականքների, ովքեր պոպուլիզմով մթագնեցին շատերի ուղեղները և հիմա ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում մինչև չիրականացնեն իրենց տերերի բոլոր պահանջները: 

Որքան էլ աներկբա է, որ մենք միակ երկիրը չենք, որտեղ ներսի տականքը տերերի պահանջով մեծ աղետ է բերում սեփական պետության ու ժողովրդի գլխին, այնուամենայնիվ դա մխիթարություն չէ, առավել ևս՝ փրկություն հնարավոր հերթական աղետից, եթե աղետաբեր տականքը չհեռացվի իշխանությունից: 

Էլ ի՞նչ է պետք չհասկացողներին հասկանալու համար, թե ի՞նչ է տեղի ունեցել և ինչի՞ համար, թե ի՞նչ է կատարվում հիմա և ի՞նչ նպատակ ուներ այդ ամենը, և թե այդ ի՞նչ ուժեր են, ո՞վքեր են այս ամենի շահառուները, ինչպե՞ս են նրանք այսօր ևս խաղում իշխանատենչության մոլուցքով տարված ներսի տարբեր ուժերի հետ, ի՞նչ շահեր են հետապնդում մեր երկրում ու նաև ամբողջ տարածաշրջանում: 

Ուզում եմ 2018-ի իշխանափոխության գործընթացում այս և այն կողմից  բոլոր ներգրավվածներին և այսօր նորից ոգևորվածներին կրկին հարցնել՝ ի վերջո, ի՞նչ ստացաք մեզ մերժելով, ինչի՞ հասաք, հիմա ի՞նչ խնդիր եք լուծում տարբեր կողմերից դարձյալ կեղտոտ արշավ ձեռնարկելով իմ և մեր քաղաքական թիմի դեմ: 

Ես թե´ իմ, թե´ մեր թիմի սխալները լավ գիտեմ, կարիք չկա մեզ վրա բարդելու ուրիշների չարդարացված հաշվարկները, սին հույսերը, քաղաքական պրիմիտիվ կեցվածքը, մարդկային մոլորությունները։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես երբեք չարությանը չարությամբ չեմ պատասխանել, մշտապես կողմ եմ եղել առանց այն էլ փոքրաթիվ ու տրոհված, փոխադարձ անհանդուրժողականության, թշնամանքի, ատելության բացիլով ախտահարված մեր հասարակության տարբեր հատվածներին հաշտեցնելուն, համազգային ընդհանուր նպատակի շուրջ համախմբելուն:

Բայց նաև երբեք թույլ չեմ տվել և թույլ չեմ տա չարաշահել այդ վերաբերմունքը, առիթից օգտվել և անցնել բոլոր սահմանները՝ ոտնձգություն թույլ տալով իմ կամ իմ կուսակցական ընկերների արժանապատվության, անցած ճանապարհի հանդեպ: Ուստի, որքան էլ հասկանում եմ այս տգեղ, անհարկի, ժամանակավրեպ, իր խորքում նաև վտանգավոր գործընթացը արդարացիորեն քննադատող, կանգ առնելու, սթափվելու կոչեր հնչեցնող բազմաթիվ սրտացավ մարդկանց, այնուամենայնիվ ուզում եմ ասել նրանց, որ արդար չէ բոլորին նույն արշինով չափելը: 

Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ ՀՀԿ-ն,  հայտարարել ենք մեր պետությունը կործանման տանող միակ թիրախի և դրա դեմ պայքարելու անփոփոխ որոշման մասին: Եվ դա ուժի մեջ է լինելու մինչև այդ նպատակին հասնելը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ մեր բոլոր հնարավորություններով աջակցելու ենք նույն նպատակը հետապնդող ցանկացած նախաձեռնության և մինչ այս պահը հավատարիմ ենք այդ որոշմանը: Դա տեսանելի է եղել ամեն օր: Մենք երբեք կողմ չենք եղել երկպառակությամբ մեր արտաքին թշնամուն ուրախություն պատճառելու, իսկ ներսում՝ նրանց պես մտածողների ձեռքերը տաքացնելու անխոհեմ քայլերին: Մեր ժողովրդի ամբողջ պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունները պառակտվածության, «իրարուտոցիի» և դավաճանության հետևանք են: Չտեսնել սա, դաս չառնել սրանից, սադրել ու հերթական անգամ գնալ այս կործանարար ճանապարհով, նշանակում է կույր լինել մտքով: Սա ազգային ինքնաոչնչացման ճանապարհ է:

Եվ հիշեք՝ ով ստով, կեղծիքով, չարությամբ, թույնով լցված կգա մեր դեմ՝ ճշմարտությունով կզինաթափվի։ Նրանք, ովքեր պայքարի հիմնական ուղղությունը շեղում են, հավանաբար այլ նպատակ ունեն: Մեր նպատակակետը հստակ է և անփոփոխ. այս պահին առաջնահերթ խնդիրը կապիտուլյանտ իշխանություններից ազատվելն է: Եթե մեզ հետ կողք կողքի երբեմնի պայքարողների  նպատակն այսօր այլևս  նույնը չէ, մեր ճանապարհները չեն կարող մեկտեղվել: 

Ես շնորհակալ եմ իմ կուսակցական ընկերներին, համախոհներին, աջակիցներին՝ այս օրերին տարատեսակ զրպարտանքների ու  ոչ հեռու անցյալի իրողությունների խեղաթյուրման դեմն առնելու իրենց ջանքերի համար: Նրանց խնդրում եմ իրենց  ժամանակն ու էներգիան առավելապես ուղղել մեր հիմնական գործին ամբողջ ուժով լծվելու ուղղությամբ, իսկ կոռեկտության բոլոր սահմաններն անցած, ճշմարտության դեմ մեղանչողների դեմ պայքարը դիտարկել որպես կուսակցական գործչի պատվախնդրություն և ամենօրյա սովորական աշխատանք, քանզի զանազան պատճառներով անազնիվ մեթոդներով պայքարողներ միշտ էլ եղել են և լինելու են: Թե որն է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում ազգային շահերի պաշտպանության դիրքերում ամուր կանգնած, անառողջ հավակնություններով չտառապող Հանրապետական կուսակցության դեմ սկիզբ առած անմաքուր արշավը, դժվար չէ կռահել: 

Մենք՝ հայերս, չպետք է նմանվենք այն ազգերին, որոնք իրենց մեղքերով իջան պատմության գերեզման: Բոլոր բաժանարար, նույնն է թե՝ կործանարար գծերը ջնջելու ժամանակն է: Ընդամենը մեկ գիծ կա, որ բաժանում է չարը` բարուց, սերը` ատելությունից, սուտը՝ ճշմարտությունից, և այդ գծի հանդեպ յուրաքանչյուրիս դիրքավորվելու ժամանակն է: Հեռվից հորդորներ հնչեցնելու, կեղծ բարեպաշտության պահը չէ: Եկեք քրիստոնեական բարեպաշտությամբ ազգովի  միասին ու աներկբա ասենք՝ հրաժարվում ենք այս ռեժիմից և նրա ամբողջ խաբեությունից,  նրա պատրանքներից, նրա խորհուրդներից, նրա ընթացքից, նրա չար կամքից, նրա չար սպասավորներից, ասել է թե՝ չարի իշխանությունից. հրաժարվելով հրաժարվում ենք: 

Այո, սա այլ բան չէ, քան չարի իշխանություն, որի գործունեության հետևանքով մեր միտքը մշուշված է, սիրտը՝ կարծրացած: Այլապես՝ ցեղասպանություն տեսած ազգը չի կարող այն ուրանալ, չի կարող անտարբեր լինել իր համար կյանք տված զինվորի ընտանիքի դեմ գործվող անիրավությունների հանդեպ, բայց որ ամենասարսափելին է՝ չարախնդալ և անգամ հրճվանք ապրել թշնամու բանտերում անմարդկային հալածանքների ենթարկվող իր հայրենակիցների տառապանքների վրա, չի կարող Արցախը ոչ հայկական համարել, չի կարող ընդհանուր գեթ մեկ եզր ունենալ հակահայաստանի դիվային ծրագիր և կեղծ գաղափարախոսություն առաջարկողների հետ: Սա բնության ու մարդկային բարոյական բոլոր կանոններին դեմ երևույթ է, մեծագույն մեղք, որ պետք է ապաշխարությամբ, զղջումով և ազգային վերազարթոնքի ճանապարհին կանգնելով մաքրվի: 

Այսքանով կուզենայի փակել այս թեման՝ առայժմ անցյալում թողնելու համար կատարված իրողությունները, որ այսօր շեղում են մեզ ներկայի անելիքներից: Անցյալը հանգամանորեն, դրվագ առ դրվագ վերլուծելու, անցյալի հետ համարձակորեն առերեսվելու առիթ բոլորը կունենան, երբ չեզոքացրած լինենք մեզ սպասվող  գոյաբանական վտանգները: 

Այսօր՝ մեր կուսակցության համար այս նշանակալի հոբելյանի օրը, հասկանալիորեն, մենք ոչ տրամադրություն ունենք միմյանց շնորհավորելու և շնորհավորանքներ ստանալու, ոչ էլ՝ հանդիսավոր միջոցառումներ կազմակերպելու: Քանի դեռ Արցախը հանձնված է, Հայաստանի որոշ տարածքներ թշնամու կողմից օկուպացված, քանի դեռ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվում և անմարդկային, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների են ենթարկվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մեր բազմաթիվ գերեվարված հայրենակիցներ, պատերազմից հետո անհայտ կորած են հարյուրից ավելի հայորդիներ, լրջորեն խարխլված է Հայաստանի ինքնիշխանությունը, հարվածի տակ է դրված երկրի անվտանգությունը, ոտնձգությունների են ենթարկվում մեր ազգային արժեքները, մենք ոչ միայն հանդիսավոր միջոցառումներ անցկացնելու  տրամադրություն չունենք, այլև չենք ունենալու այնքան ժամանակ, մինչև այս աղետին չդիմակայենք:

Դուք շատ լավ գիտեք, որ քննադատության, առավել ևս ինքնաքննադատության պակաս մենք երբեք չենք ունեցել, և դա թույլ է տվել մեզ դասեր քաղել ու հետևություններ անել, զատել օբյեկտիվ քննադատությունը կուսակցությանը ստահոդ տեղեկություններով միտումնավոր վարկաբեկելուց: Մենք պետական ամբողջ ռեպրեսիվ մեքենան չենք օգտագործել մեզ քննադատողների դեմ, ինչպես արվում է մեր երկրում արդեն յոթ տարի շարունակ: Մեր գործունեության սկզբից ի վեր մեզ հարվածել են դրսից ու ներսից, աջից ու ձախից, հարվածել են թիկունքից միայն նրա համար, որ մենք մեր գործողությունները կառուցել ենք՝ հիմնված բացառապես մեր ազգային շահերի վրա, որ մենք չենք ենթարկվել այս կամ այն ինտեգրացիոն համակարգը մյուսի շահերի հաշվին ընտրելու հորդորներին և կարողացել ենք շատ հստակ հիմնավորել, թե ինչու: Մեզ հարվածել են մեր իրավունքներն ու ազգային արժանապատվությունը պաշտպանելու, մեր պետությանը և ժողովրդին պատուհասելիք վտանգները գիտակցելու և արկածախնդրության չգնալու համար: Հնարել են «Մեկ գիշերում որոշում կայացնելու» հեքիաթը և այնքան են պատմել, որ սկսել են իրենք էլ հավատալ իրենց հնարածին՝ միտումնավոր չտեսնելու տալով աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային խնդիրների ֆոնին  բանակցային կողմերի հետ մեր տևական և ծանր, բայց միևնույն ժամանակ արգասաբեր աշխատանքը: Դրա արդյունքը, այո, ԵԱՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր և ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն ներառում էր մեր համագործակցության ամբողջական օրակարգը և շահերը:  

2018 թվականի սկզբին Մյունխենյան անվտանգության գագաթնաժողովում նույն այդ երկրները որպես մոդելային օրինակ էին ներկայացնում Հայաստանը, որին հաջողվել էր կողմերի հետ նման անհավանական  թվացող համաձայնությունների գալ: 

Մենք չենք հաշտվել այն մտքի հետ, որ մեր երկրի անվտանգությունը, մեր ազգային շահը կարող է դառնալ սակարկման առարկա: Պայքարել ենք թույլ չտալու համար, որ մեր տան դուռը բացվի այլոց շահերի համար՝ ի վնաս մեզ: Սակայն տրոյական ձիու հաջողված օրինակը լավ ուսումնասիրած ուժերը 2018-ին դա կիրառեցին նաև Հայաստանում՝ օգտագործելով 5-րդ շարասյունը և ստերից թունավորված մոլորյալ ժողովրդին: Այսօր Հայաստանի Հանրապետության հետ տեղի ունեցող ողբերգությունը ասածիս վկայությունն է:

Հայաստանի քաղաքական դերակատարների զգալի մասը, այդ թվում՝ ոչ իշխանական թևում, ակտիվ լծվել են տարաբնույթ արտաքին օրակարգեր սպասարկելու գործին։ Ոմանք ասում են, որ Հայաստանը պետք է անդամակցի ԲՐԻԿՍ-ին, ուրիշները՝ որ մենք պետք է անդամակցենք ԵՄ-ին։ Ես կարծում եմ, որ մինչ նման հարցերի քննարկումը և որոշումը մենք ավելի կարևոր խնդիր ունենք լուծելու. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որ ծնվել է Հայաստանի անկախության համար պայքարից, կայացել և զարգացել է Հայաստանի անկախության ամրապնդմանը զուգահեռ, իր հիմնադրման պահից ի վեր ինքնիշխան և ազատ պետության ջատագով է: Հայաստանը նորից հայամետ ու հայաստանակենտրոն հուն վերադարձնելուց հետո միայն, հավատացեք, մնացած խնդիրները շատ ավելի բնական կերպով կհանգուցալուծվեն՝ որպես գերակայություն ունենալով բացառապես հայ ժողովրդի ազգային շահերը»,- ասել է երրորդ նախագահը: