Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը «Զվեզդա» հեռուստաալիքի հարցազրույցում պատմել է Մոսկվայի եւ Երեւանի փոխհարաբերությունների կարեւոր հարցերի մասին։
Առաջին հարցը վերաբերում է ռուս-հայկական հարաբերություններին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք այժմ, եւ ինչպիսի՞ն են դրանց հեռանկարները։
Ես գնահատել, գնահատում եմ եւ ապագայում գնահատելու եմ դրանք որպես հաստատուն արժեք։ Դրանք մշտական են, դրանք երբեք չեն փոխվում, որովհետեւ մենք պատմականորեն եղբայրներ եւ բարեկամներ ենք։ Զենքի բարեկամներ։ Ճակատագրով բարեկամներ։ Կրոնով բարեկամներ։ Ես դրանք գնահատում եմ որպես մշտական մեծություն, որը ժամանակի ընթացքում փոխվել չի կարող։ Այն մեր ամբողջ մշակույթի, պատմության, փիլիսոփայության, անցյալի, ներկայի եւ ապագայի մասն է։
Ինչպիսի՞ն են այսօր երկրի հեռանկարները։ Ինչպե՞ս եք դրանք գնահատում։
Պատասխանը մեկն է. տեսնում եմ երկրի պոտենցիալը, տեսնում եմ զարգացման հսկայական պոտենցիալ։ Շատ պատճառներով։ Ես կարող եմ ձեզ հետ կիսվել մեկ կամ երկու պատճառի շուրջ։ Կարելի է ասել, որ հայ ժողովուրդը այն ժողովուրդն է, որը կարողանում է հառնել յուրաքանչյուր մեծ դժվարությունից հետո, անգամ վիթխարի ողբերգությունից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո։ Այն բանից հետո, որ նա (Հայաստանը) ցրվեց աշխարհով մեկ։ Բայց նա վերածնվեց ինչպես կախարդական Փյունիկ թռչունը եւ նայում է առաջ։ Միշտ առաջ։
Այս ճանապարհին միշտ դժվարություններ են լինում, բայց ես կարծում եմ, որ մենք ժողովուրդ ենք, որը կարողանում է հաղթահարել այդ դժվարությունները։ Ե՛վ ինքը, ե՛ւ բարեկամների հետ միասին։ Իսկ Ռուսաստանը բարեկամ է։ Մենք, ես կարծում եմ, XXI դարում կարող ենք շատ առավելություններ ունենալ, որովհետեւ Հայաստանը, գուցե, փոքր երկիր է, բայց դա գլոբալ ազգ է։ Հայերը մոտավորապես նույն թվաքանակով ապրում են Ռուսաստանի Դաշնությունում, նրանց մի մասը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են։ Ես շատ եմ ուզում հավատալ, որ նրանք լավ քաղաքացիներ են, որովհետեւ նրանք պետք է լինեն, առաջին հերթին, Ռուսաստանի Դաշնության լավ քաղաքացիներ, եւ, բնականաբար, երբեք չմոռանան իրենց պատմական արմատներն ու իրենց մշակույթը։
Հայերը շատ են նաեւ Ամերիկայում, թե՛ հարավում, թե՛ հյուսիսում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում։ Ամենուր։ Դա հսկայական ուժ է։ XXI դարը այն ժողովուրդների դարն է, որոնք կապեր ունեն ողջ աշխարհում։ Դա այն ժողովուրդների դարն է, որոնք կարողանում են աշխատել, դա այն ժողովորդների դարն է, որոնք կարողանում են հաղթահարել դժվարությունները։ Եվ դարն է այն ժողովուրդների, որոնք կարողանում են պայքարել հանուն իրենց, եւ իրենց բարեկամների։ Ուստի, ես կարծում եմ, որ ապագան պետք է վառ լինի։ Այլ պատասխան նախագահից դուք պետք է որ չակնկալեիք էլ։
Ավելի վաղ ասվում էր, որ Հայաստանն արտասահմանյան ներդրումների կարիք ունի, ռուսական բիզնեսը պատրա՞ստ է ներդրումներ անել: Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր ոլորտներում:
Չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ ռուսական բիզնեսի տեսակետը: Այն, ինչ կարող եմ մեկնաբանել՝ այն է, որ ռուսական բիզնեսը Հայաստանում է աշխատում շատ երկար տարիներ: Եվ աշխատում է հիմնավորապես: Տարբեր երկրներից ներդրումներ կան, ներդրումներ կան թե՛ Եվրոպայից, թե՛ Հեռավոր Արեւելքից, թե՛ Մերձավոր Արեւելքից, թե՛ Ամերիկայից: Բայց ռուսական բիզնեսը մշտապես գոյություն է ունեցել, եւ հաճախ մենք այդ ներդրումները չենք նկատել՝ ասես, դրանք ներքին լինեին: Առավել եւս, որ Հայաստանում ներդրումներ են կատարել ոչ միայն զուտ ռուսական ընկերությունները, այլեւ այն ռուսական ընկերությունները, որտեղ հայազգիներ կան: Այդ ներդրումները շատ խոշոր են, եւ կարծում եմ, որ ապագայում դրանք քիչ չեն լինի:
Կարդացել եմ, որ առաջիկայում պատրաստվում եք Մոսկվա այցելել: Ընդհանրապես որքան հաճախ է ձեզ հաջողվում մեզ մոտ լինել եւ Դուք առաջինհերթին ի՞նչ կցանկանայիք տեսնել մեր երկրում:
Առաջիկայում ես չեմ նախատեսում պաշտոնական այց: Բայց Մոսկվայում շատ հաճախ եմ լինում: Եվ չեմ կարծում, որ Մոսկվան ու Պիտերն այն քաղաքներն են, որտեղ ես ցանկանում եմ գնալ ու ինչ-որ բան տեսնել, որովհետեւ երկու քաղաքին էլ շատ լավ ծանոթ եմ իմ մանկության տարիներից, երբ առաջին անգամ հորս հետ եղա Լենինգրադում, Մոսկվայում: Հետագայում՝ երբ ուսանող էի, ասպիրանտ: Եվ հետո՝ մեր ընտանիքին որոշակի պատմություն է կապում Ռուսաստանին, այն բխում է իմ նախնիներից՝ պապիկիցս եւ ավարտած իմ որդիներով:
Այնպես որ, ես Մոսկվա եւ Ռուսաստան եմ ժամանում ինչպես իմ տուն: Իսկ ի՞նչ ես ցանկանում ամեն անգամ: Դե… եթե լավ համերգ կա: Ես ամեն ինչ եմ սիրում: Դասական երաժշտություն: Մենք անցյալ անգամ կնոջս հետ Մոսկվայում էինք, եղանք Մեծ թատրոնում, դիտեցինք «Աննա Կարենինան»՝ ֆենոմենալ ստեղծագործություն է: Այս ներկայացումը ե՛ւ ինձ համար, ե՛ւ կնոջս համար բացարձակ անսպասելի էր: Եվ ես կցանկանայի, որ թե՛ Պուշկինյան թանգարանը, թե՛ Տրետյակովյան պատկերասրահը Երեւան մեծ ցուցահանդեսներ բերեն:
0Comments