ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրային հեռուտաընկերության եթերում հայտարարել է, որ մեր զինված ուժերը հաղթանակներ կրած զինված ուժեր են, և մենք չպետք է առաջ գնալուց կանգնենք, իսկ առաջ գնալու համար մեզ պետք են առողջ զինծառայողներ:
Պաշտպանության նախարարը խոսել է նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև սպառազինության բալանսն ապահովելու մասին՝ նշելով, որ Հայաստանը չի գնալու Ադրբեջանի հետ բալանսը վերականգնելու ճանապարհով:
«Դա ոչ պրակտիկ մոտեցում է: Մենք ո՛չ քաղաքական, ո՛չ ժողովրդագրական, ո՛չ տնտեսական առումով չենք կարող Ադրբեջանի հետ հավասար լինել, մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու որակական խնդիրներին»,- ասել է նա:
Տոնոյանի խոսքով՝ Հայաստանն այնպիսի ձեռքբերումներ է իրականացնում, որ հակառակորդների նկրտումները չեզոքացնելու հնարավորություն տա:
Հարցին` խոսքը «Սու» կործանիչների մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքել է. «Նաև «Սու»-երի»:
Անդրադառնալով «Սու 30» ինքնաթիռների ձեռքբերմանն ուղղված քննադատություններին, թե թանկ են, Տոնոյանը պատասխանել է, որ իր համար թանկ է յուրաքանչյուր շարքայինի, զինվորականի կյանքը. «Եթե երկու օդաչու «Սու30»-ով հարյուրավոր կիլոմետր հեռավորությունից կարող են կատարել խնդիր հազարավոր զինծառայողների փոխարեն, ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը»:
Տոնոյանը նաև հայտնե է, որ Հայաստանը սկսել է նաև հարձակվողական զենքեր գնել:
«Պաշտպանվող բանակը պարտություն է կրում, մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանողական դիրքերում: Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունները վերսկսմանը, մենք չենք հապաղելու»,- ասել է նա:
Հարցին` հարձակվելո՞ւ ենք, նա պատասխանել է. «Ինչու՞ ոչ»:
0Comments