Մասկը «Tesla»-ի բաժնետոմսերի գների անկումից հետո մեկ օրում 29 մլրդ դոլար է կորցրել

Մանրամասներ
իլոն մասկ

«Tesla»-ի և «SpaceX»-ի սեփականատեր Իլոն Մասկը մեկ օրում 29 մլրդ դոլար է կորցրել, երբ «Tesla»-ի բաժնետոմսերի գները նվազել են 15,4%-ով: Այս մասին են վկայում «Bloomberg Billionaires Index»-ի (BBI) տվյալները։

Մարտի 11-ի տվյալների համաձայն` էլեկտրամեքենաներ արտադրող «Tesla»-ի բաժնետոմսերը հասել են 222,15 դոլարի։ Ընդ որում` տարեսկզբից բաժնետոմսերն արդեն իսկ էժանացել են 1,8 անգամ՝ 2024 թվականի ավարտին մեկ բաժնետոմսն արժեր 403,84 դոլար։

Արդյունքում Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 29 մլրդ դոլարով՝ հասնելով 301 մլրդ դոլարի։ Տարեսկզբից միլիարդատերն արդեն կորցրել է իր կարողության 30,5%-ը կամ 132 մլրդ դոլար, ինչի մասին վկայում է «Bloomberg»-ի վարկանիշը։

Այդուհանդերձ, ձեռնարկատերն առաջինն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում։ Մասկի կարողությունն իր գագաթնակետին էր հասել անցյալ տարվա դեկտեմբերին, երբ կազմում էր 486 մլրդ դոլար: