«Իմ ուղերձն է Հայաստանի հայերին՝ մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ». Ալիև

Մանրամասներ

2020 թվականի նոյեմբերի 10 -ին ստորագրված հռչակագիրը (փաստաթուղթն ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Euronews») իրականում չի նախատեսել տևական խաղաղության հաստատում։ Հրադադարի մասին հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ։

Այս մասին «Euronews»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ես չէի ասի, որ խաղաղ գործընթացը շատ հարթ է ընթանում։ Բայց մենք լավատեսությունը չենք կորցնում, քանի որ այժմ շատ ակտիվ բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների մակարդակով։

Կարծում եմ, որ ճիշտ է հույսեր փայփայել: Իրականում այս հանդիպումները թույլ են տալիս անդրադառնալ շատ զգայուն հարցերի. օրինակ, ինչպիսի՞ն կլինի սահմանը: Չէ որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մինչև հիմա որոշված չէ։ Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մենք բախվեցինք այդ խնդրին։ Այնպես որ, կարևորը սահմանն է։

Ռուսաստանը միջնորդ է եղել 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին համաձայնագրի կամ հռչակագրի կնքման հարցում։ Դա ոչ Միացյալ Նահանգներն էր, ոչ էլ Եվրամիությունը։ Եվ իմ հայ գործընկերոջ հետ մեր առաջին հանդիպումները կազմակերպվել են Ռուսաստանի կողմից՝ Ռուսաստանի տարածքում։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո իրավիճակը փոխվել է, և մենք ականատես եղանք, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպան մեծ ակտիվություն են ցուցաբերում։ Իրականում մեզ համար էական տարբերություն չկա, թե ով է ղեկավարելու գործընթացը կամ, այսպես ասենք, ով է յուրացնելու միջնորդության դափնիները։

Իմ ուղերձն է Հայաստանի հայերին՝ մենք խաղաղություն ենք ուզում ձեր պետության հետ։ Մեկ այլ կոչ է` հստակ պատկերացնել ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը և ուժերի դասավորվածությունը։ Երկար տարիներ Հայաստանի ղեկավարները համոզում էին իրենց ժողովրդին, որ իրենք ունեն աշխարհի ամենաուժեղ բանակը, որ եթե պատերազմ սկսվի, իրենք կգան Բաքու․ պատերազմը կոտրեց այս նարատիվը»,- ասել է Իլհամ Ալիևը։