Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի. Բրայզա

Մանրամասներ
ալիև

Թրամփն այժմ պարզապես քաղաքականություն չունի Հարավային Կովկասի վերաբերյալ, նա ընդհանրապես ուշադրություն չի դարձնում դրան։ Այս մասին Vesti.az-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։

«Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ նոր քաղաքականություն չկա, ինչը նշանակում է, որ Բայդենի քաղաքականությունը կշարունակվի։ Սակայն եթե ԱՄՆ եւ Ռուսաստանի հարաբերություններում լուրջ փոփոխություններ տեղի ունենան, Վաշինգտոնի մոտեցումը Հայաստանի նկատմամբ նույնպես կարող է փոխվել։ Բայդենը եւ Եվրամիությունը իսկապես ամրապնդեցին հարաբերությունները Հայաստանի հետ, քանի որ Փաշինյանը ցանկություն հայտնեց երկիրը հեռացնել ռուսական ազդեցությունից եւ ավելի մոտեցնել Արեւմուտքին։ Այդ իսկ պատճառով Հայաստանը նման աջակցություն ստացավ։ Իհարկե, սա մեծ մասամբ Ռուսաստանի դեմ ուղղված քաղաքականություն էր։ Բայց եթե Թրամփին հաջողվի բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ,Վաշինգտոնը կարող է նաեւ շտկել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Բայց հիմա, ինչպես ասացի, սա լիովին անկանխատեսելի իրավիճակ է»,- կարծում է Բրայզան։

Նրա խոսքով՝ «ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ։ Կարող եմ ասել, որ այսօր Ադրբեջանի հետ հարաբերություններն այլեւս այն մակարդակի չեն, ինչ, օրինակ, Բուշի կամ Օբամայի օրոք, քանի որ Թրամփին ընդհանրապես չի հետաքրքրում Հարավային Կովկասը, եւ ընդհանրապես արտաքին քաղաքականությունը»։

Պատասխանելով Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման մասին հարցին՝ ամերիկացի դիվանագետն ասել է, որ փորձում է Թրամփին եւ նրա թիմին համոզել, որ արժե միջամտել այս հարցին։ «Եթե Թրամփը ցանկանում է խաղաղություն ստեղծել, սա նրա համար հիանալի հնարավորություն է։

Մենք գիտենք, որ երկու կողմերն էլ մոտ են համաձայնության, բայց Փաշինյանը լուրջ քաղաքական դիմադրություն ունի։ Հուսով եմ՝ Թրամփը կցանկանա ներդնել իր ավանդը։ Տեսնենք։ Առայժմ նա կենտրոնացած է Վաշինգտոնում իր իշխանության ամրապնդման վրա եւ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղությունն առաջնահերթ է համարում»: