ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինային հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագիրը խաթարելու մեջ, սակայն նաև նշել է, որ «կվերակենդանացնի» այն:
Մայամիում ներդրումային ֆորումի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Կիևին օգնության վրա, սակայն ի տարբերություն եվրոպական երկրների, ոչինչ չի ստացել դրա դիմաց։ Ուկրաինայի հետ հազվագյուտ մետաղների մասին համաձայնագրով ԱՄՆ վարչակազմը հույս ուներ վերադարձնել Կիևին աջակցելու համար ծախսված միջոցները։
«Մենք գործարք ունեինք հազվագյուտ հողային մետաղների շուրջ, բայց նրանք խափանեցին այդ գործարքը երկու օր առաջ…. Այն դեպքում, երբ ԱՄՆ-ն ոչինչ չի ստանում, նրանք (խմբ.՝ Եվրոպան) իրենց գումարը հետ են ստանում», – ասել է Թրամփը:
Ավելի ուշ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ այդ համաձայնագրի քննարկմանը։
«Կարծում եմ՝ ես այն կվերակենդանացնեմ։ Տեսնենք, թե ինչ կլինի, բայց ես այն կվերակենդանացնեմ, այլապես նրանց համար այդքան էլ ուրախ չի լինի», – նշել է Թրամփը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ Կիևում շատ «կոպիտ» են վարվել։ Դոնալդ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեսենթի հետ չի հանդիպել՝ չնայած նա երկար ճանապարհ է կտրել, որ հասնի այնտեղ և ստորագրի համաձայնագիրը, սակայն վերադարձել է ձեռնունայն։ Փետրվարի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է օգտվել Ուկրաինայի օգտակար հանածոներից՝ Կիևին օգնության դիմաց: Նրա խոսքով՝ ուկրաինական տարածքը «հսկայական արժեք ունի հազվագյուտ հողային մետաղների առումով»։
Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, ըստ որի Միացյալ Նահանգների ձեռքերում կհայտնվեր այդ երկրի օգտակար հանածոների 50%-ը։ Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ թույլ չի տվել կնքել համաձայնագիրը, քանի որ փաստաթուղթը դեռ պատրաստ չէ ստորագրման։
0Comments