Ջոնսոնը ավելի քան $120 մլն կծախսի «կոշտ» Brexit-ի գովազդի համար

Դա լինելու է ամենամեծ արշավը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մտադիր է ԵՄ-ից առանց գործարքի երկրի դուրս գալու ընթացքում գովազդային արշավ կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում կատարելով կառավարական աղբյուրներին։

Ինչպես նշվում է, խոսքը 100 մլն ֆունտ ստեռլինգի (ավելի քան 120 մլն դոլար) մասին է, որոնք կծախսվեն առաջիկա երեք ամիսներին։

Նշվում է, որ շուտով կհրապարակվի պլանը «կոշտ» Brexit-ի կազմակերպման լրացուցիչ ծախսերի մասին՝ 1 մլրդ ֆունտի չափով, որի տասներորդ մասը կտրամադրվի գովազդային արշավին։

Ընդ որում՝ ընդգծվում է, որ դա լինելու է ամենամեծ արշավը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, տեղեկացնում է Gazeta-ն։