ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են ապագա համագործակցության շուրջ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տնտեսական և ներդրումային հնարավորությունների շուրջ, հայտնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են հեռացնել իրենց հարաբերությունների «գրգռիչները» և սկսել աշխատել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագրի վրա, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հասկացնելով, որ ջանքերը դեռ վաղ փուլում են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Մեկ հեռախոսազանգը և հաջորդ հանդիպումը բավարար չեն կայուն խաղաղություն ստեղծելու համար», - Սաուդյան Արաբիայում հանդիպումից հետո ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հանդիպումը համարում է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու կարևոր քայլ, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը պետք է լինի տեւական, կայուն եւ ընդունելի բոլոր կողմերի համար։
0Comments