Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այս մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում:
«Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։
Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ համաձայնագիր կնքելն ավելի դժվար կլինի, քան մյուս երկրների հետ, քանի որ «Չինաստանն ինչպես մեր խոշորագույն տնտեսական մրցակիցն է, այնպես էլ մեր խոշորագույն ռազմական հակառակորդը»:
«Ինչ-որ պահի նախատեսվում է շատ բան անել», – հայտարարել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը «կատակ չեն»:
«Դրանք մեծ թվեր են: Ես մտածում եմ, որ այն մարդիկ, որոնք կարծում են, թե դրանք կայուն են, չեն ցանկանում, որ դրանք մնան այդ նույն մակարդակին», – ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցերում գրել էր, որ ոչ ոք անպատիժ չի մնա, «հատկապես Չինաստանը, որն, անկասկած, մեզ ամենից վատ է վերաբերվում»։
Ապրիլի 12-ից Չինաստանը բարձրացրել է ԱՄՆ-ից ներմուծվող բոլոր ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը՝ հասցնելով դրանք 125%-ի։ Ապրիլի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացրել էր մինչև 145%:
0Comments