ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուջեն կկրճատվի կիսով չափ․ WP

Մանրամասներ
պետքարտուղարություն պետդեպ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել ԱՄՆ Պետդեպարտամենտի բյուջեն գրեթե կիսով չափ, այդ թվում՝ հրաժարվելով ֆինանսավորել ՄԱԿ-ը և ՆԱՏՕ-ն, գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի հուշագիրը, որը հասանելի է հրատարակությանը։

Անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի աշխատակիցներին բաժանված հուշագրում ասվում է, որ բյուջեի կրճատումները, որոնք նախկինում առաջարկվել էին Կառավարման և բյուջեի գրասենյակի (OMB) կողմից հաջորդ ֆինանսական տարվա համար, կկազմեն $28,4 միլիարդ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ ՄԶԳ-ի բոլոր գործողություններում: Դա 27 միլիարդով (48 տոկոսով) պակաս է Կոնգրեսի կողմից 2025 թվականի համար հաստատված ֆինանսավորման մակարդակից, գրում է թերթը։ Առաջարկվող բյուջեի համաձայն՝ USAID-ը, որը նախկինում առանձին գործակալություն էր, ամբողջությամբ կդառնա Պետդեպարտամենտի մի մասը:

 Հուշագրի համաձայն՝ մարդասիրական օգնությունը կկրճատվի 54%-ով, իսկ համաշխարհային առողջապահության ֆինանսավորումը 55%-ով։ Առաջարկվում է գրեթե 90%-ով կրճատել միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը։ Սա ներառում է ՄԱԿ-ի , ՆԱՏՕ-ի և 20 այլ կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցում : Միևնույն ժամանակ, նախատեսված ներդրումները կշարունակվեն մի շարք այլ կազմակերպությունների համար, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության համար : Միաժամանակ ամբողջությամբ կկրճատվի միջազգային խաղաղապահ առաքելությունների ֆինանսավորումը։